25/03/2024 15:22
Քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները. Փաշինյան
Ուրախ եմ առաջին անգամ Հայաստանում հյուրընկալել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին և նրա գլխավորած պատվիրակությանը, համատեղ հայտարարությունների ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նախ շնորհավորեց Կոբախիձեին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ․
«Վստահ եմ, որ պարոն Կոբախիձեն իր հոգատար հետևողականությամբ լուրջ ներդրում կունենա Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների խորացման գործում։ Գիտեք, որ հունվարի 26-ին Թբիլիսիում տեղի ունեցած Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստը կայացավ, որի ընթացքում երկրների միջև ստորագրվեց ռազմավարական համագործակցության մասին համատեղ հռչակագիր, որը հավակնոտ հեռանկար է ընդգծում բոլոր ոլորտներն ընդգրկող մեր երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար»։
Փաշինյանը հավելեց, որ վրաց գործընկերոջ հետ այսօր քննարկել են այդ համատեղ հռչակագրի իրագործման համար անհրաժեշտ քայլերը.
«Այդ հռչակագրում էական առանցք է միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անվերապահ ճանաչումը։ Այսօր նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնորավարությունները։
Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական ընդլայնումը ռազմավարական կարևորություն ունի ոչ միայն մեր երկրների համար, այլև տարածաշրջանի կայունություն և փոխշահավետ համագործակցություն ապահովելու տեսակետից։
Ինչպես գիտեք, նախորդ տարի՝ տարեվերջին Վրաստանը ձեռք բերեց ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ։ Ցանկանում եմ նշել, որ Հայաստանում ոգևորությամբ են արձագանքել այդ լուրին՝ տեղի ունեցածը համարելով կարևոր իրադարձություն, որն անմիջական ազդեցություն է ունենալու ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև Հայաստան-Վրաստան երկկողմ հարաբերությունների վրա։ ՀՀ-ն սատարել և սատարում է ԵՄ-ին անդամագրվելու Վրաստանի ձգտումները»։
Փաշինյանը Կոբախիձեին է ներկայացրել նաև տարածաշրջանային խաղաղության վերաբերյալ մեր ընկալումները, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման զարգացումներն ու ընթացիկ վիճակը.
«Վերահաստատել եմ, որ Հայաստանը ստանձնում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու գործի իր բաժին պատասխանատվությունը։ Ակնկալում ենք, որ նույն ձևի մոտեցում կցուցաբերեն նաև մյուս դերակատարները։ Ընդգծել եմ, որ Հայաստանը պատրաստ է առաջ շարժվել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ արդեն իսկ հայտնի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված երեք սկզբունքների հիման վրա՝ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչում, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի իրականացում՝ նույն հռչակագրի հիման վրա, ինչպես նաև երկրների ինքնիշխանության ու իրավազորության հարգման սկզբունքների շրջանակներում տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակում՝ ապահովելով հավասարություն և փոխադարձություն։
Վերջինի կապակցությամբ կարծում ենք, որ ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը պիտի դառնա մեր երկրների ռազմավարական գործընկերության ապագա թեմաներից մեկը։ Մենք գիտենք և տեսնում ենք, որ Վրաստանը ոչ միայն հետաքրքրված է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմամբ, այլև գործուն քայլերով փորձում է նպաստել այդ գործընթացին, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում մեր վրացի գործընկերներին»։
Ամփոփելով խոսքը՝ Փաշինյանը նշեց, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում։