26/03/2024 17:08
Եթե ուզում ենք թուրքական սպառնալիքը չեզոքացնել, ոչ միայն չպետք է զիջենք Տավուշի գյուղերը, այլ նաև պետք է ազատագրենք Արցախը. Վարուժան Գեղամյան (Տեսանյութ)
«Չեմ ճանաչում որևէ մեկին, որն էական է համարում տան փոխհատուցման հարցը։ Այո, դա կարևոր է, որ կարողանաս ապրել, բայց արցախցիների ճնշող մեծամասնությունն ասելու է այն, ինչ ես կասեմ՝ ինձ համար որևէ արժեք չունի այդ այսպես կոչված փոխհատուցումը․ շատ ավելի վիրավորական է, որ նույնիսկ տան հիշողությունն են արժեզրկում, իմ դեպքում՝ Բերձորը, ինչ-որ մարդիկ համարում են «թուրքական»։ Այդ սրբազան հողում հարյուրավոր տարիներ հուղարկավորվել են հայ ժողովրդի զավակներ»,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Երբ մեր շուրջը տեղի ունեցողին նայում ես ամբողջ ծավալով, ոչ թե առանձնացնելով, այդ դեպքում ակնհայտ է, որ Արցախի մասին ոչ միայն չպետք է մոռացվի, այլ նաև Արցախի հարցը պետք է բերվի ու պահվի օրակարգում, որովհետև առանց Արցախի հնարավոր չէ հայկական պետականության կենսունակությունն ապահովել։
Ինձ համար՝ որպես թյուրքագետի, ակնհայտ էր, որ այն, ինչ տեղի է ունենում Արցախում, հետո տեղի է ունենալու Սյունիքում, հետո Երևանում, որովհետև այն, ինչ տեղի ունեցավ Նախիջևանում, հետո տեղի ունեցավ Արցախում։
Սա հայ-թուրքական հակամարտություն է, որն սկսվել է շատ վաղուց և շարունակվելու է առաջին հերթին՝ աշխարհագրության բերումով։ Եթե ուզում ենք թուրքական սպառնալիքը չեզոքացնել կամ նվազեցնել, ուրեմն ոչ միայն չպետք է զիջենք Տավուշը, այլ նաև վաղ թե ուշ աշխարհագրորեն դիրքերը ամրապնդենք, որը նշանակում է ազատագրել Արցախը, Նախիջևանը։
Դրանից հետո, եթե ուզում ենք ավելի չեզոքացնել, ապա ամեն ինչ պետք է անենք Ադրբեջան պետության քայքայման համար. այն, ինչը հիմա անում են թշնամիները մեզ հետ։ Այստեղ հայկական պետության գոյությունը վտանգավոր է իրենց համար, որովհետև այն դեպի իրեն է ձգում հակաթուրքական դիրքորոշում ունեցող կողմերի, խաղացողների, հետևաբար, թուրք-ադրբեջանական գերնպատակն է չեզոքացնել Հայաստանը՝ որպես պետություն»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում