26/03/2024 10:09
ԵՄ-ի հետ համագործակցությունը կնպաստի ՀՀ-ի դիմադրողունակության բարձրացմանը
ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգը բավականին ընդլայնվում է և անվտանգությունն ու պաշտպանական ոլորտում համագործակցությունը կարևորագույն բաղադրիչներից մեկն է, որը մեր երկրի համար ունի կենսական նշանակություն՝ հաշվի առնելով վերջին ժամանակների արտաքին սպառնալիքներն ու մարտահրավերները, որոնց բախվում ենք։
«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» կենտրոնի նախագահ Արմինե Մարգարյանը։
«ԵՄ-ի հետ բարձր մակարդակով համագործակցությունը կարող է նպաստել Հայաստանի դիմադրողունակությանը, մեր անվտանգային և արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիային, արտաքին դաշտում մանևրունակությանը, ինչպես նաև Հայաստանի դիրքերի ամրապնդմանը տարածաշրջանում։ Տևական ժամանակ է, ինչ աշխատանքներ են տարվում, որպեսզի Հայաստանը կարողանա օգտվել Եվրամիության խաղաղության գործիքից, որը բավականին արդյունավետ է և ներդրվել է գործընկերներին աջակցելու և նրանց անվտանգությունն ամրապնդելու նպատակով, բայց այստեղ մենք պետք է հաշվի առնենք, որ խոսքը չի վերաբերում մահաբեր զենքեր տրամադրելուն, այս պարագայում խաղաղության գործիքի ներքո մեզ տրամադրվելիք միջոցները Հայաստանին կօգնեն ամրապնդել իր պաշտպանական կարողությունները»,- ասել է Մարգարյանը։
Նրա դիտարկմամբ՝ սպառազինության մատակարարումները նպաստելու են նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների ամրապնդմանը, նպաստելու են մեր երկրի ու եվրոպական կառույցում ընդգրկված տարբեր երկրների միջև կապերի սերտացմանը, ինչն իր հերթին ապագայում կբերի շատ ավելի մեծ հնարավորություններ։ Մարգարյանի կարծիքով՝ ԵՄ խաղաղության գործիքից օգտվելը կունենա ձնագնդի էֆեկտ, ինչի շնորհիվ հայկական կողմը կկարողանա շատ ավելի հեշտ ընդլայնել այն ցանցը, որն այժմ օգտագործվում է ԵՄ անդամ պետությունների հետ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։