26/03/2024 18:26
«Աշխատանքները բացառիկ են». Հայաստանի ատոմակայանի և «Ռոսատոմ-սերվիս»-ի միջև 6 միլիոն դոլար արժեքով պայմանագիր կնքվեց
«Ատոմէքսպո-2024» միջազգային համաժողովի շրջանակներում Հայաստանն ու «Ռոսատոմ-սերվիս»-ը պայմանագիր ստորագրեցին, որը վերաբերում է Հայաստանի ատոմակայանի հովացման համակարգի նախագծման մոնտաժման աշխատանքին, Սոչիից հայտնում է Aysor.am-ի թղթակիցը։
«Հայկական Ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի գնահատմամբ՝ սա շատ կարևոր նշանակություն ունի մեր ատոմակայանի անվտանգության համար։
«Ունենք գործուն համակարգ, հիմա որոշել ենք արդիականացնել այն», - նշեց Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ մրցութային գործընթաց է եղել, իրականացվել են բազմաթիվ մրցույթներ, վերջին երեք մրցույթները չեղարկվել են, քանի որ պրոֆեսիոնալ թիմ չի եղել, սա չորրորդն է։
«Միակ կազմակերպությունը, որի չափորոշիչները խիստ են եղել, «Ռոսատոմ-սերվիս»- ն է եղել, պայմանագրային գումարը շուրջ 6 միլիոն դոլար է։ Բավականին լուրջ նախագիծ է, ու ժամանակին ներդրումը կնպաստի մեր ատոմակայանի չափորոշիչների բարելավմաննն ու բարձրացմանը», - ընդգծեց Ատոմակայանի տնօրենը։
Լինելու են 2-րդ դասի սարքավորումներ, խողովակներ, փականներ. աշխատանքներն իրականացնելու են փորձ ունեցող մասնագետները։
«Աշխատանքները բացառիկ են, քանի որ կատարվելու են միայն կայանի կանգի ժամանակ։ Պետք է հասցնենք մի մասը ներդնել այս տարի, մյուս կեսն էլ կշարունակենք հաջորդ տարի»,- հավելեց Մարտիրոսյանը։