26/03/2024 11:40
Ակնկալում ենք, որ Թուրքիայի հռետորաբանությունը կնպաստի տարածաշրջանում երկխոսության առաջմղմանը. Փաշինյան
Թուրքիան տարածաշրջանային խաղացող է, և բնական է, որ նա պետք է հավասարակշռված դիրքորոշում ունենա տարածաշրջանում տեղի ունեցող տարբեր զարգացումների վերաբերյալ։ Պակաս ուշադրություն է դարձվում Թուրքիայի պաշտոնական հռետորաբանությանը, որը կարող է և՛ խթանել, և՛ վտանգել գործընթացները։ Մյուս կողմից, Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունն ուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը, այլ կնպաստի տարածաշրջանում երկխոսության և համագործակցության խթանմանը։ Այս մասին «Kathimerini» հունական պարբերականին տված բացառիկ հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ինչպես գիտեք, Հայաստանն ու Թուրքիան սկսել են հարաբերությունների կարգավորման գործընթացը, որն ուղղված է երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանների լիարժեք բացմանը։ Այս գործընթացի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար հայ-թուրքական ցամաքային սահմանների բացման վերաբերյալ։ Այնպես որ, մենք իսկապես հավատում ենք, որ այս համաձայնագրի իրականացումը դրական ազդեցություն կունենա նաև տարածաշրջանային դինամիկայի վրա»,-ասել է նա։
Փաշինյանն ասել է, որ Հունաստանի և Թուրքիայի միջև տեղի ունեցող զարգացումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ հնարավոր է հաղթահարել տարաձայնությունները և ձևավորել հարևանների միջև համագործակցության փոխշահավետ օրակարգ։