26/03/2024 13:12
Ադրբեջանի ԱԳՆ-ն Կլաարի գրառումը կողմնակալ է որակել ու հայտարարել՝ «վերադարձվող գյուղերը տարածքային վեճի առարկա չեն»
Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն պատասխանել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գրառմանը՝ նշելով, որ ՀՀ-ից Ադրբեջանի պահանջած գյուղերը «տարածքային վեճի առարկա չեն»։
«Պարոն Տոյվո Կլաարը չի կարող ձերբազատվել կողմնակալությունից և միայն բացասական լույսի տակ է տեսնում ադրբեջանական գյուղերի վերադարձի վերաբերյալ օրինական դիսկուրսը, մինչդեռ, բացարձակապես անտեսում է ապօրինի օկուպացիայի շարունակման համար պայքարելու կոչերը, որոնք հնչում են հայկական ԶԼՄ-ներում։ Ի դեպ, այդ գյուղերը տարածքային վեճի առարկա չեն», - X-ի միկրոբլոգում գրել է Հաջիզադեն։
Հիշեցնենք, որ ԵՄ ներկայացուցիչն անընդունելի էր համարել ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքները։ Կլաարը հայտարարել էր, որ «սահմանների սահմանազատման վերաբերյալ իրական բանակցություններ են անհրաժեշտ, և բոլոր տարածքային վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով ու համաձայնեցված գործընթացի շրջանակներում»։