26/03/2024 23:09
Կոչ եմ անում բանակին՝ ամուր կանգնե՛ք ձեր տեղում․ Եթե հրաման լինի հանձնել Տավուշի բարձունքները, չանե՛ք, այլապես կդավաճանեք ժողովրդին, կկործանեք պետությունը․ Վազգեն Մանուկյան
Նիկոլ Փաշինյանն ունակ չէ պետություն ղեկավարել․ մի մարդ, ով ասում է՝ «սրանք ի՞նչ հողեր են, որ», չի կարող պետության ղեկավար լինել, 168 TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասել է ՀՀ առաջին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար (1992-1993թթ. ՀՀ պետնախարար, պաշտպանության նախարար) Վազգեն Մանուկյանը։
Վազգեն Մանուկյանը շեշտել է՝ Տավուշի գյուղերը թշնամուն հանձնելով՝ Փաշինյանը պատերազմը մոտեցնում է Երևանին։
«Հիմա Ադրբեջանը կվախենա պատերազմ սկսել Հայաստանի դեմ, բայց երբ Տավուշի գյուղերը հանձնեն, ու նրանք բարձունքները վերցնեն, ավելի հեշտ կլինի։ Դրանով պատերազմը կմոտենա Երևանին։
Տավուշի տարածքը միայն տավուշցիներինը չէ, և նրանք չէ միայն, որ պիտի որոշեն՝ էդ տարածքը տա՞ն, թե՞ չտան։ Տավուշի ամեն թիզ հողը բոլորինս է։ Փաշինյանը չի կարող գնալ, այդ տարածքների բնակիչներին բաներ խոստանալ, որպեսզի լքեն այն»,- ասել է նա։
Վազգեն Մանուկյանը այս համատեքստում կոչ է ուղղել բանակին։
«Կոչ եմ անում բանակին՝ եթե հրաման լինի հանձնել բարձունքները, չանեք դա, այլապես դուք դավաճանելու եք ժողովրդին ու կործանելու եք պետությունը։ Ամուր կանգնե՛ք ձեր տեղում, ու այդ ժամանակ նա կկորցնի իր ազդեցությունը նաև բանակի վրա»,- ասել է նա։