26/03/2024 20:39
Պետք է գնալ համազգային լայն համախմբման՝ հանուն պետականության պահպանման
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է․
«Նիկոլիզմի հեռացումը մեկ մարդու կամ մեկ ուժի բան չէ, համազգային համախմբում է պետք։
Հաճախ եմ լսում՝ ինչու՞ ՀՀԿ-ն Նիկոլին չի հեռացնում միտքը։ Ու շատ հաճախ դա ասում են նաեւ մարդիկ, ովքեր 2018-ին ՀՀԿ են «մերժել»։
Հարցնում եմ՝ եղբայր, 2018-ին հրապարակում եղե՞լ ես, չէ՞։ Ասում են ՝այո, բայց էս թերության, էն սխալին դեմ լինելով։ Ասում եմ՝ հասկացա, ավելի լավ պետություն ունենալու համար ես մեզ «մերժել», հավատացել ես Նիկոլին, բայց խաբվել ես։ ՀՀԿ-ն իր վրայից սխալներն ու մեղքերն ուրիշի վրա չի բարդում։ Այո,եղել են կոպիտ սխալներ եւս։ Բայց հերիք չէ՞ դրանց մասին խոսել միայն։
ՀՀԿ-ի օրոք՝ 2016-ի Ապրիլյան պատերազմում Ադրբեջանը ձախողվել է։
ՀՀԿ-ի օրոք՝ 2015-ի ապրիլին ամբողջ աշխարհը խոսում էր Հայոց ցեղասպանության դատապարտումից։
Ձեռքբերումները քիչ չեն…
Հիշենք, որ ՀՀԿ-ն 2018-ի ԱԺ ընտրություններին մասնակցել է «Եթե մտահոգ ես» կարգախոսով՝ զգուշացնելով մոտեցող արհավիրքի մասին… Ավաղ ,դա «ձայն բարբառոյ հանապատի էր»…
2020-ի կապիտուլյացիայից հետո ՀՀԿ-ն ազգային այլ ուժերի հետ ամիսներով դրսում միտինգ է արել, ճամփա է փակել, բռնվել է։
2021-ին պարտադրված ընտրությանն ամենավերջինն է հայտարարել մասնակցության մասին՝ պայքարելով Նիկոլի ռեժիմի դեմ։
Նույնը՝ 2022-ի Դիմադրության շարժման ժամանակ։
Չի ստացվել, դրական արդյունքի չենք հասել։
Չի ստացվել, քանի որ նաեւ ռեսուրսները չեն բավարարել։ Հանրային աջակցությունը նաեւ բավարար չի եղել։ Իհարկե,առկա է եղել նաեւ մեր՝ ընդդիմադիրներիս սխալը։
Ակնհայտ է , որ այսօր կա հանրային կոնսենսուս Փաշինյանին հեռացնելու համար։
Անհրաժեշտ է դուրս գալ «նախկին-ներկա» արհեստական բաժանումից ու բանավեճից։
Պետք է ազգային-պետական ուժերով ու գործիչներով գիտակցել ոչ թե իշխանության գալու, այլ՝ իշխանափոխության հասնելու կարեւորությունը։
Հերիք է իրար վրա քողարկված «քարեր նետենք» ու աննպատակ մեղավորներ փնտրենք։ Քաղաքականության մեջ հրեշտակներ չկան, սրբեր ՝ առավել եւս։ Պետք է գնալ համազգային լայն համախմբման՝ հանուն պետականության պահպանման ՝ մի կողմ դնելով կուսակցական ու խմբային շահերը»։