26/03/2024 16:16
Ինստիտուցիոնալ քաղաքականությունում յուրաքանչյուր կին ճանապարհ է հարթում մյուս կանանց համար. Սոնա Ղազարյանի ելույթը՝ Բրյուսելում
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել Բրյուսելում կայացած Եվրոպական միության խորհրդարանների ԵՄ հարցերով հանձնաժողովների (COSAC) համաժողովին: Պատգամավորն իր ելույթում նշել է.
«Նախևառաջ թույլ տվեք մեր երախտագիտությունը հայտնել նախագահող եռյակին և Բելգիայի խորհրդարանին՝ հայկական պատվիրակությանն այս կարևոր հարթակին մասնակցելու հրավերի համար:
Ինստիտուցիոնալ քաղաքականությունում կանանց և տղամարդկանց հավասար ներկայացվածությունը մեզ համար շատ կարևոր թեմա է, քանի որ միայն համաչափ ներկայացվածությամբ է հնարավոր հասնել իրական ժողովրդավարությանը:
Թավշյա հեղափոխությունից հետո մենք փոփոխություններ կատարեցինք օրենսդրական դաշտում: Այս պահին ունենք կանանց ներկայացվածության 30 տոկոս խորհրդարանում և տեղական ինքնակառավարման մարմիններում:
Մեկ այլ կարևոր քայլ էր «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունը՝ հստակ ուղերձով՝ քաղաքական կուսակցությունների ղեկավար մարմիններում ներառականություն ունենալու կարևորության մասին, քանի որ քաղաքական կուսակցություններն ինստիտուցիոնալ քաղաքականության դարպասներն են՝ հատկապես խորհրդարանական կառավարման ձև ունեցող երկրներում:
Իշխող կուսակցությունը նույնպես աշխատում է ներքին կանոնադրության վրա՝ կիրառելով գենդերային քվոտաներ իր կառավարող մարմիններում, ինչպես ազգային, այնպես էլ՝ տեղական:
Մենք նաև աշխատում ենք գաղափարների վրա՝ քվոտաներից դուրս քաղաքականության միջոցով խրախուսելու կանանց մասնակցությունը կուսակցությունում:
Մենք կարծում ենք, որ իրավական դաշտն անհրաժեշտ է, բայց ոչ բավարար: Մենք նաև պետք է խրախուսենք կանանց, աջակցենք նրանց, քանի որ ինստիտուցիոնալ քաղաքականությունում յուրաքանչյուր կին ճանապարհ է հարթում մյուս կանանց համար»: