26/03/2024 12:16
Մարտի 1-ի էջը փակո՞ւմ ենք, թե՞ բաց է. Անդրանիկ Քոչարյանը դժգոհեց ՔԿԾ պետի նշանակումից՝ պնդելով, որ ՔԿՀ-ներում «ախպերությունը» շարունակում է մնալ արտոնյալ
Մարտի 1-ի էջը փակո՞ւմ ենք, թե՞ բաց է. ԱԺ պետաիրվական հանձնաժողովի նիստին դիմելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին՝ հարցրեց ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Ըստ նրա՝ բոլոր այն քննիչները, որոնք այդ գործերով ունեցել են մասնակցություն, նշանակվել են Քրեակատարողական հիմնարկների ղեկավարներ, այդ թվում՝ ՔԿԾ պետ Ամբակում Գրիգորյանը։
«Իրենք պետք է մանրամասն ուսումնասիրվեն նշանակումից առաջ։ Կներեք, դատախազական մոտեցումներով համակարգը չես կարող բերել այն վիճակին, ինչ կա։ Եթե ձեզ զեկուցել են՝ պետք է իմանաք, որ այնտեղ «ախպերությունը» շարունակում է մնալ արտոնյալ վիճակում, սկսած սենյակների կահավորանքից՝ բոլոր փաստերը փակ քննարկմանը դրվել են պարոն Գրիգորյանի և տեղակալի առջև։ Եթե նույն վիճակը շարունակվում է, ուրեմն՝ հեռու ենք ռեֆորմ բառից»,-ասաց նա։
Ըստ Քոչարյանի՝ այդ աշխարհն իր ուրույն տեղում հարմարվել է և պետությանը պարտադրում է իր հարմարվածությունը, մինչդեռ պետությունը չի կարող հարմարվել իրենց պայմաններին։
«Պետք է հասկանալ, թե ոնց են հայտնվում թմրամիջոցները ՔԿՀ-ներում, երբ կան սարքավորումներ, որ հնարավոր չլինեն ընդհանրապես անցնել, իրենք ասում են էտ ի՞նչ սարք է։ Ուզում եմ հարցնել այդ թեկնածությունը, որ ընտրեցիք, այլ թեկնածուներ քննարկե՞լ եք, թե՞ ոչ։ Արդյո՞ք Ամբակում Գրիգորյանի թեկնածությունից առաջ էլի են եղել թեկնածուներ»,-հարցրեց նա։
Մինասյանը նշեց, որ հարցը մի քանի շերտ ունի։ «Տոնոյանի հետ կապված առեղծվածային պատմությունն էր, որի արդյունքում ազատումներ եղան համակարգից, բոլոր մարդիկ, որ ներգրավված են եղել պրոցեսում, այսօր չեն աշխատում համակարգում»,-ասաց նախարարը։
ՔԿԾ-ի ղեկավարի նշանակման մտահոգության հետ կապված ասաց, որ հնարավոր չէ գտնել զինվորական ծառայություն անցած մեկին, այսինքն՝ «պագոնավոր» մարդ, որը չի աշխատել համակարգերում մինչև 2018թ.-ը։
«Այսինքն՝ անփորձ մարդ, նորավարտ ուսանող կարող ես գտնել, բայց եթե աշխատել է, ուրեմն՝ աշխատել է մինչև 2018-ը։
Կարող եմ վստահեցնել՝ անկաշառ, սկզբունքային պետական աշխատող է, և արձանագրենք՝ ոչ թե իմ ճաշակով կամ Ձեր, այլ աշխատանքով։
Կխնդրեմ՝ Ձեզ ուղղակի տանք ժամանակ, թև ու թիկունք կանգնենք բարդ գործում, որ իրար հետ կարողանանք վայելել արդյունքը»,-ասաց նախարարը։