26/03/2024 17:53
Արցախի ժողովուրդն անսասան է հայրենիք վերադառնալու, իր քաղաքական ապագան որոշելու և սեփական ժողովրդավարական ինքնակառավարումն իրականացնելու ձգտումներում․ Լևոն Քոչարյան
Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում․
«Հարգելի' գործընկերներ,
Վեց ամիս է անցել այն օրից, երբ Ադրբեջանի զինված ուժերը հարձակվել են Լեռնային Ղարաբաղի վրա եւ գրավել այն: 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, շուրջ 10 ամիս տեւած շրջափակումից հետո, որը հանգեցրեց զանգվածային սովի, զրկանքների, հիվանդությունների եւ մահվան, ավելի քան 120.000 հայ` գրեթե ամբողջ բնակչությունը, որը կանգնած էր ոչնչացման վտանգի առջեւ, ստիպված եղավ լքել իր հայրենիքն ընդամենը մի քանի օրվա ընթացքում:
Իմ ծննդավայրում տեղի ունեցող իրադարձություններին մեծ անհանգստությամբ ու ցավով էի հետեւում Հայաստանից եւ վերապրեցի 1990-ականների սկզբին ադրբեջանական օդային ռմբակոծություններից օրերով ու շաբաթներով ապաստանում անցկացրած իմ մանկության հիշողությունները: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հնագույն եւ խոր կապ ունի իր հայրենիքի հետ, որի պատմական վկայությունները սկիզբ են առնում դարերի խորքից: Սերունդներն ապրել, աշխատել եւ կառուցել են իրենց կյանքն այս տարածաշրջանում` ստեղծելով հարուստ մշակութային ժառանգություն, որը նրանց կապում է այս հողին:
Չնայած դժվարություններին` Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շարունակում է անսասան մնալ հայրենիք վերադառնալու, իր քաղաքական ապագան որոշելու եւ սեփական ժողովրդավարական ինքնակառավարումն իրականացնելու ձգտումներում: Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի համաձայն` Լեռնային Ղարաբաղի հայերը բացարձակ իրավունք ունեն վերադառնալ իրենց հայրենիք: ՄԱԿ-ի Միջազգային դատարանն անցյալ տարվա նոյեմբերի 17-ին վճռել էր, որ Ադրբեջանը պետք է ապահովի Լեռնային Ղարաբաղի հայերի «անվտանգ, անարգել եւ առանց խոչընդոտների վերադարձը»:
Մարտի 12-ին Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել` կոչ անելով Ադրբեջանին «անկեղծորեն գնալ համապարփակ եւ թափանցիկ երկխոսության Ղարաբաղի հայերի հետ` ապահովելու նրանց իրավունքների հարգանքը եւ երաշխավորելու նրանց անվտանգությունը, ներառյալ` իրենց տները վերադառնալու ու այնտեղ ապրելու իրավունքն արժանապատիվ եւ անվտանգ պայմաններում»: Տարածաշրջանում հարատեւ խաղաղության հասնելը հնարավոր չէ, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը բռնի տեղահանված է իր հայրենիքից, իսկ Հայաստանին հարկադրում են «խաղաղություն» հասկացությունը:
Միջազգային պաշտպանության եւ երաշխիքների ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հայրենիք վերադարձին նպաստելը կարեւոր նշանակություն ունի տարածաշրջանում կայուն եւ հարատեւ խաղաղության խթանման համար, եւ այդ հասկացությունը պետք է ներառվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրում: Իսկապես, վերադարձի իրավունքի ճանաչումն ու պաշտպանությունը ոչ միայն արդարության եւ մարդու իրավունքների խնդիր է, այլեւ կարեւոր նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ հաշտեցման առաջխաղացման համար: Միջազգային հանրությունը պարտավոր է համաձայնեցված ջանքեր գործադրել միջազգային իրավունքի սկզբունքների պահպանման եւ հակամարտությունից տուժած բոլոր անձանց արժանապատվության եւ իրավունքների ապահովման ուղղությամբ:
Շնորհակալություն»,- ասել է Լեւոն Քոչարյանը: