26/03/2024 12:22
Գաղտնիք չէ՝ ՔԿՀ-ների և՛ ներսում, և՛ դրսում հսկայական միջոցներ են պտտվում. Անդրանիկ Քոչարյանի՝ ՔԿՀ-ներում թիմ ձևավորելու առաջարկը նախարարը մերժեց
Գաղտնիք չէ՝ ՔԿՀ-ների և՛ ներսում, և՛ դրսում հսկայական միջոցներ են պտտվում. ԱԺ պետաիրավական հանձնաժողովում հայտարարեց ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ «Այդ միջոցները պետք է նայել ոնց են պտտվում՝ թմրանյութերի, հեռախոսների, մյուսի, մյուսի միջոցով»,-ասաց նա։
Քոչարյանը դիմելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին՝ նշեց, որ ցանկանում է՝ ՔԿՀ-ներում բարեփոխումները հաջողեն, բայց նախարարը դրա համար պետք է ունենա լավ թիմ։
«Ես ուզում եմ դուք հաջողեք, դրա համար պետք է ներդաշնակված աշխատեք բոլոր կառույցների հետ, որովհետև դուք էլ եք անփորձ այդ համակարգի նկատմամբ, ես ավելի փորձառում եմ, քան դուք, որովհետև ժամանակին ղեկավարել եմ ամբողջական այդ կառույցը։ Դուք հիմա բարեփոխումներ պետք է անեք, բայց անելու համար պետք է ունենաք որակյալ թիմ, իսկ թիմի հարցում կարող եք ունենալ նաև մեր աջակցությունը, և բոլորի աջակցությունը պետք է ունենաք, նույնիսկ մեկուսարանում նստածների, որովհետև ամենամեծ ինֆորմացիան իրենցից պետք է ստանանք, թե իրենց կյանքը ոնց է դրսևորվում»,-ասաց նա։
Նախարարը պնդեց, որ իր նշանակումներին պետք է վստահել։
«Այստեղ միակ խնդրանքս է, որ վստահեք նշանակումների մասով, թեկուզ Ձեզ հետ չհամաձայնենք, մերժենք։ Այստեղ կարևոր է, որ հնարավորություն տաս ՔԿՀ-ներին իրենց թիմը ձևավորեն։
Եթե նույնիսկ ունենք նախասիրություններ, կամ մարդիկ, ովքեր ուզում են այս կամ այն տեղում հայտնվել և մերժումներ կստանան՝ ես էլ, Դուք էլ դա անձնական չհամարենք, այլ համարենք, որ ինստիտուցիոնալ բարեփոխումների համար է»,-ասաց նա։
Քոչարյանն արձագանեք՝ այս դրվագն իրեն հուշեց, որ նախարարին սխալ բաներ են հուշել։