26/03/2024 15:12
Մենք Հունաստանի հետ ունենք ջերմ հարաբերություններ, և դա պայմանավորված է նաև մեր պատմությամբ. ՀՀ նախագահ
Հանրապետության նախագահի աշխատակազմի գրասենյակից հայտնում են՝ Վահագն Խաչատուրյանը Հունաստանի Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին:
Ողջունելով հյուրին նախագահը՝ ի դեմս դեսպանի, շնորհավորել է Հունաստանի ղեկավարությանը և ժողովրդին ազգային տոնի կապակցությամբ. «Մենք Հունաստանի հետ ունենք ջերմ հարաբերություններ և դա պայմանավորված է նաև մեր պատմությամբ, մեր սկզբունքներով և համոզմունքներով:
Օգտվելով առիթից ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել այն աջակցության համար, որ մենք ստացել ենք Հունաստանի կողմից այս տարիներին և առանձնահատուկ՝ հատկապես վերջին տարիների ընթացքում, երբ Հայաստանը մեծ դժվարությունների մեջ է գտնվել: Դուք եղել եք մեր կողքին և շարունակում եք աջակցել մեզ այդ դժվարությունները հաղթահարելու ժամանակաշրջանում: Համոզված եմ, որ մեր համագործակցությունը և հարաբերությունների այս որակը շարունակվելու է»,- ասել է Հանրապետության նախագահը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվել: Հայաստանը մեր երկրի բարեկամն է, որի հետ հարաբերությունները ձգվում են մինչև դարերի խորքը: Մեր երկկողմ հարաբերություններն այսօր ավելի են զարգանում և խորանում:
Հունաստանն ամբողջությամբ աջակցում է տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության և զարգացման հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության լայն օրակարգին վերաբերող հարցեր: Կարևորվել են քաղաքական, տնտեսական, մշակութային, ռազմական, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում առկա փոխգործակցային ներուժի լիարժեք իրագործման ուղղությամբ արվող քայլերը:
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Հունաստանի միջև ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում և միջազգային այլ հարթակներում առկա սերտ համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ:
Երկուստեք բարձր են գնահատել ժողովրդավարական արժեքների և ժողովրդավարության ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ընդհանուր իրողություններին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի և այս համատեքստում՝ սահմանազատման շուրջ ընթացող շփումների մանրամասներին և սկզբունքներին: