26/03/2024 09:44
«Ժողովուրդ». «Հելե՛ք ոտքի. ինչ արել եմ, Ձեզ համար եմ արել»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ քննիչները այցելել են «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց ու մոտ 10 րոպե մնացել վերակենդանացման բաժանմունքում, որտեղ ապաքինվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ նռնակի պայթյունից վիրավորված Արթուր Մովսիսյանը։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ վիրավորված Արթուր Մովսիսյանը հիվանդասենյակում բարձրաձայն դիմել է ներկաներին և ասել. «Հելե՛ք ոտքի. ինչ արել եմ, Ձեզ համար եմ արել»։
Հիշեցնենք՝ ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ նռնակով զինված քաղաքացիներից մեկը Վարդգես Գևորգյանն է, որը Արարատի մարզից է, մյուսը՝ Արթուր Մովսիսյանը՝ Ձորաղբյուրից։ Նշենք, որ Արթուր Մովսիսյանն Ազգային ժողովրդական բևեռի աջակիցներից է, որի որդին զոհվել է 44-օրյա պատերազմում։
Հիշեցնենք նաև, որ մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բաժին 3 անձինք էին ներխուժել և նռնակ պայթեցրել։ Ներխուժած անձանցից երկուսը ոստիկանության բաժնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ստացած բեկորային վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություն։ Մյուսը ԱԱԾ ծառայողների կողմից վնասազերծվել է, ձերբակալված է: Նա Կոտայքի մարզի բնակիչ Ստեփան Հովակիմյանն է»։