26/03/2024 09:58
«Ժողովուրդ». Անգամ աղետի դեպքում ՀՀ իշխանությունները չեն գնացել ՌԴ դեսպանատուն, չեն ցավակցել զոհերի կապակցությամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանություններն անգամ համազգային աղետի և սուգի պարագայում չեն կարողանում բարեկամ երկրի հանդեպ սոլիդարություն ցուցաբերել ու ապրումակցել:
Մոսկվայի «Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության կապակցությամբ Ռուսաստանում հայտարարված համազգային սգո օրվա առիթով ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատանը սգո հուշամատյան է բացվել երկուշաբթի օրվանից:
Այնտեղ գրառում էին արել և իրենց ցավակցությունն էին հղել հայաստանյան մի շարք հասարակական, քաղաքական գործիչներ, ընդդիմադիր գործիչներ, քաղաքացիներ և Ազգային ժողովի պատգամավորներ։ «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ անգամ աղետի դեպքում Հայաստանի իշխանությունները չեն գնացել ՌԴ դեսպանատուն, չեն ցավակցել ռուս անմեղ զոհերի առթիվ:
Իշխանականներից միայն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ՔՊ-ական ռուս պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովն են երկուշաբթի գնացել ՌԴ դեսպանատուն և ցավակցական գրառում կատարել մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Իսկ ո՞ւր էին մյուս ՔՊ-ականները, զբաղվա՞ծ էին, թե՞ Փաշինյանն արգելել էր այդ օրը գնալ ՌԴ դեսպանատուն:
Ուշագրավ է նաև, որ անտարբերություն էին ցուցաբերել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի ՔՊ-ական անդամները:
Իսկ ովքե՞ր են այս հանձնաժողովի ՔՊ-ական «անտարբեր» անդամները. հանձնաժողովը ղեկավարում է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, անդամներն են ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, պատգամավորներ Գուրգեն Արսենյանը, որը մի ժամանակ հավակնում էր ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնին, Վլադիմիր Վարդանյանը, Ծովինար Վարդանյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Վահե Ղալումյանը, Վաղարշակ Հակոբյանը, Հասմիկ Հակոբյանը, Բաբկեն Թունյանը, Միքայել Թումասյանը և Շիրակ Թորոսյանը»։