27/03/2024 17:42
Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տնօրենն ազատվեց աշխատանքից
Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանն ազատվել է աշխատանքից: Տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանն ազատման դիմում է ներկայացրել, որն ընդունվել է», - ասաց Կոստանյանը։
Հավելենք, որ Հակակոռուցիոն կոմիտեն մի քանի դրվագով քրեական գործ է հարուցել Հովսեփյանի դեմ: Վերջինս մեղադրվում է պետական միջոցների յուրացման և փաստաթղթի կեղծման մեջ: Իրավապահ մարմնից Aysor.am-ին հայտնեցին, որ այս պահին նախաքննություն է ընթանում:
Հիշեցնենք, որ թիվ 130 դպրոցում կրքերը թեժացան Տեսչական մարմի ստուգումների արդյունքում ի հայտ եկած խախտումներից հետո, երբ տնօրեն Նվարդ Հովսեփյանը դպրոցի փոխտնօրեններին պարտադրել էր աշխատել ծնողների և աշակերտների հետ, որպեսզի սուտ մատնություն տային, թե դասացուցակում առկա բոլոր դասերը ուսուցանվել են:
Մինչդեռ, ըստ փաստերի, գումարները դուրս են գրվել և յուրացվել: Փոխտնօրեններից մերժում ստանալուց հետո դպրոցում իրավիճակը լարվել էր։ Հովսեփյանը դպրոցում սկսել էր շրջել ոստիկանների ուղեկցությամբ, այնուհետ մեկնել արձակուրդ, որից չի վերադարձել:
Այսօր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել թիվ 116 դպրոցի ուսուցչուհի Նելլի Ղարազրյանը: Դպրոցից Aysor.am-ին հայտնեցին, որ այս պահին մթնոլորտը հանգիստ է: