27/03/2024 15:19
Ես շատ խիստ կասկած ունեմ, որ եթե Թուրքիան հարձակվի ՀՀ-ի վրա, ռուս խաղաղապահները պաշտպանելու են մեզ. ԱԺ նախագահ
Հայաստանի համար դա որոշված թեմա է, փորձ է արվում ինչ-որ միջպետական համաձայնագրից դուրս գալու տրամաբանություն ցուցադրել, բայց իրականում դա միջգերատեսչական համաձայնագիր է եղել, որի նպատակն է եղել այդ տարածքում օգնել հայ խաղաղապահներին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Զվարթնոցից» ռուս խաղաղապահների դուրսբերմանը՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա նշեց, որ այլևս այդ բեռը թեթևացնելու կարիք չկա։
«Մենք շնորհակալություն ենք հայտնել և ասել ենք, որ մեր օդանավակայանի անվտանգությունը կպահպանեն մեր խաղաղապահները։ Հիմա ասում են՝ թե բա եթե Թուրքիան հարձակվի, բան․․․ Ես շատ խիստ կասկած ունեմ, որ եթե Թուրքիան հարձակվի ՀՀ-ի վրա, ռուս խաղաղապահները պաշտպանելու են մեզ»։
Հարցին՝ հնարավո՞ր է առաջիկայում որոշվի, որ հայ-թուրքական սահմանից էլ են ռուս սահմանապահները դուրս գալիս՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց.«Չէ, նման խոսակցություն չի եղել։ Սա այն դեպքը չէ։ Պետք է մի բան ֆիքսենք՝ ինչքան Հայաստանին է պետք եղել ռուսական զորքերի ներկայությունը, երկու այդքան դա ՌԴ-ին է պետք եղել, և խնդրում եմ դա մեզ վրա չվաճառել։ Պետք է այդ մտքի հետ «մերվել»»։