27/03/2024 10:34
«ԵՄ-ն և ԱՄՆ-ն կիսելու են պատասխանատվությունը՝ ՀՀ-ի ապակայունացնող գործողության համար»․ Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն անդրադարձել է ապրիլին կայանալիք ԱՄՆ-ԵՄ-Հայաստան եռակողմ հանդիպմանը:
Հաջիզադեն նշել է․ «Վաշինգտոնի և Բրյուսելի՝ նման բացահայտ հայանպաստ դիրքորոշումը, Հայաստանում ռևանշիստական տրամադրությունների ֆոնին, կարող է վտանգավոր պատրանք ստեղծել Հայաստանում, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն կաջակցեն իրեն՝ Ադրբեջանի դեմ հերթական հնարավոր սադրանքներում: Այդ դեպքում ԵՄ-ն և ԱՄՆ-ն կկիսեն պատասխանատվությունը Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողության համար։
Այն ժամանակահատվածում, երբ միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և սկզբունքների հիման վրա ստեղծվում է եզակի հնարավորություն հարատև խաղաղության, կայունության և անվտանգության հասնելու համար, մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում բոլոր կողմերին՝ զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ խաղաղ ջանքերի վրա և հրահրել տարածաշրջանում լարվածության և անկայունության նոր ալիքներ»։