27/03/2024 11:24
Լյուտնյայի հանրահայտ վարպետը համերգով հանդես կգա Հայաստանում
Մարտի 30-ին, ժամը 19։00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում լյուտնյայի հանրահայտ վարպետ Հոփկինսոն Սմիթը (ԱՄՆ / Շվեյցարիա) բացառիկ համերգով հանդես կգա Երևանում։
Բազում երաժշտական մրցանակների դափնեկիր Հոփկինսոն Սմիթը միջազգային շրջանակներում լայն ճանաչում է ձեռք բերել Վերածննդի և Բարոկկո ժամանակաշրջանների երաժշտության իր վիրտուոզ մեկնաբանությունների շնորհիվ:
Սմիթի անզուգական վարպետությունն ամենաբարձր գնահատականին է արժանացել համաշխարհային հեղինակավոր հրատարակությունների և քննադատների կողմից: San Francisco Chronicle-ը վերջինս ճանաչել է որպես «աշխարհի լավագույն լյուտնիստ», իսկ Gramophone պարբերականն անվանել «լյուտնյայի բանաստեղծ»:
Երաժշտի երևանյան համերգը հավակնում է մի անմոռանալի երաժշտական իրադարձություն դառնալ։ Այդ երեկո «Առնո Բաբաջանյան» համերգասրահի հանդիսատեսը մտովին կտեղափոխվի Վերածննդի և Բարոկկո դարաշրջանների բարձրարվեստ և տպավորիչ աշխարհ:
Հոփկինսոն Սմիթը խարիզմատիկ կատարումներով և խորը երաժշտական արտահայտչականությամբ ունկնդիրներին կներկայացնի 16-17-րդ դարերի անգլիական և իտալական երաժշտության բացառիկ նմուշներ։
Համերգը եզակի հնարավորություն է երաժշտասերների համար կենդանի կատարմամբ ունկնդրելու մեր ժամանակների ամենանշանավոր լյութահարներից մեկին: