27/03/2024 16:43
Միրզոյանն անդրադարձել է ՀՀ-Արգենտինա հարաբերություններին, քննարկվել է «Խաղաղության խաչմերուկը»
Մարտի 26-ին Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Միջազգային հարաբերությունների արգենտինական խորհուրդ։
Կայացել է նախարար Միրզոյանի հանդիպումը խորհրդի նախագահ Ֆրանցիսկո դե Սանտիբանյեսի և ղեկավար կազմի հետ, որից հետո Արարատ Միրզոյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում։
Հաջորդիվ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի մասնակցությամբ անցկացվել է հանգամանալից քննարկում խորհրդի անդամների և հյուրերի հետ։ Իր ներածական խոսքում Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստան-Արգենտինա միջպետական հարաբերությունների դինամիկային, քաղաքական երկխոսության օրակարգին, իր այցի շրջանակներում և նախորդ բարձրաստիճան շփումների ժամանակ քննարկված՝ համագործակցության զարգացման ներուժ ունեցող հիմնական ուղղություններին։
Նախարար Միրզոյանը նշել է, որ ունեցած հանդիպումների ժամանակ իր երախտիքն է հայտնել դեռ նախորդ դարեսկզբին Հայոց ցեզասպանությունից հետո Արգենտինայում հայերին ապաստան տալու, ապա ձևավորված հայ համայնքի դերի արժևորման համար, ինչի արդյունքում հայկական ներկայությունն այսօր յուրովի նպաստ է բերում Արգենտինայի հասարակական-քաղաքական կյանքին։
Քննարկման ու հարցուպատասխանի ձևաչափով նախարար Միրզոյանն անդրադարձել է նաև ավելի լայն՝ ՀՀ արտաքին քաղաքական, Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցերի։
ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասով նախարար Միրզոյանը շեշտել է, որ դրանք հիմնված են ՀՀ պետականության, ինքնիշխանության շարունակական ամրապնդման, ՀՀ համար կայուն զարգացման միջավայրի ապահովման նպատակների վրա։ Ներկայացվել են ինչպես հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման, այնպես էլ լայն աշխարհագրությամբ այլ երկրների ու կառույցների հետ փոխգործակցության առանձնահատկություններն ու հեռանկարները։
Անդրադառնալով Հարավային Կովկասում 2020 թվականից ի վեր ստեղծված իրադրությանը՝ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Արարատ Միրզոյանը շեշտել է տարածքային ամբողջականության աներկբա ճանաչման հանձնառության և 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման հետագա գործընթացն իրականացնելու անհրաժեշտությունը։
Տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման համատեքստում նախարար Միրզոյանն անդրադարձել է նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին և ընձեռնվող տնտեսական հնարավորություններին։
ՀՀ ԱԳ նախարարը պատասխանել է ներկաներին հետաքրքրող այլ հարցերի։