27/03/2024 13:25
Նոր ավտոմատ համակարգով 23 681 քաղաքացու կվերադարձվի շուրջ 747 մլն դրամ սոցիալական վճար
Պետական եկամուտների կոմիտեում ներդրվել է նոր համակարգ, որի արդյունքում մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները ֆիզիկական անձանց առաջիկայում կվերադարձվեն ինքնաշխատ եղանակով և հարկային մարմին դիմելու անհրաժեշտություն այլևս չի լինի: Ֆիզիկական անձանց բանկային հաշվեհամարների վերաբերյալ տեղեկատվության ստացումը կիրականացվի առցանց եղանակով։
Ինքնաշխատ համակարգի գործարկումից հետո, սկսած 2014 թվականի հուլիսից բանկային հաշվեհամարի վերաբերյալ տեղեկատվություն չներկայացրած 23 681 ֆիզիկական անձի կվերադարձվի շուրջ 747 մլն դրամ, այդ թվում՝ 47 շահառու կստանա 1 մլն և ավելի դրամ։
Միաժամանակ, ՊԵԿ-ը հիշեցնում է, որ մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները վերադարձվում են այն ֆիզիկական անձանց, որոնք մի քանի գործատուների մոտ աշխատում են որպես վարձու աշխատող, կամ, միաժամանակ, հանդիսանում են վարձու աշխատող և անհատ ձեռնարկատեր կամ նոտար ու նրանց համար հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարի ընդհանուր գումարը գերազանցում է սահմանված առավելագույն չափը։