27/03/2024 18:34
Մերձավորարևելյան տարածաշրջանի բոլոր խնդիրների պատճառը Իսրայելն է․ Իրանի նախագահ
Մերձավորարևելյան տարածաշրջանի բոլոր խնդիրների պատճառը Իսրայելն է, հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ։
«Խաբեբա և հանցավոր սիոնիստական ռեժիմը (նկատի ունի Իսրայելին-խմբ․) տարածաշրջանի բոլոր խնդիրների պատճառն է», - ասվում է Ռայիսիի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Իրանի կառավարության կայքում:
Ռայիսին նշել է նաև, որ Պաղեստինի հարցը «դուրս է եկել իսլամական աշխարհի սահմաններից և դարձել է խնդիր՝ ողջ մարդկության համար»։
Իրանի նախագահը քննադատել է նաև որոշ մուսուլմանական պետությունների՝ Գազայի հատվածում Իսրայելի ագրեսիայի նկատմամբ անգործություն ցուցաբերելու համար։
Էբրահիմ Ռայիսիի բնորոշմամբ՝ աշխարհն սկսել է «զզվանք ապրել Իսրայելի և նրա գլխավոր դաշնակցի՝ ԱՄՆ-ի նկատմամբ»։
«Գազայի հատվածում տեղի ունեցած իրադարձությունները ԱՄՆ-ի և որոշ արևմտյան երկրների խայտառակությունն են, այսպիսով բացահայտվեց նրանց իրական էությունը»,- ասել է Իրանի նախագահը։