27/03/2024 19:29
Ռուսաստանում փոխում են ՀԿ-ների հիմնադրման ու գրանցման կարգը՝ օտարերկրյա ազդեցություն թույլ չտալու համար
ՌԴ Պետդումայի քննարկմանն է ներկայացվել հասարակական կազմակերպությունների, միավորումների պարտադիր գրանցման մասին օրինագիծը, որով առաջարկվում են փոփոխություններ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում։
Օրինագծի համաձայն, այսուհետ ցանկացած հասարակական կազմակերպություն, շարժում, նախաձեռնություն, հիմնադրամ պետք է անպայման պետական գրանցում ստանա և այդ պահից սկսած՝ ձեռք բերի իրավաբանական անձի կարգավիճակ, իսկ իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության գործունեությունը կարգելվի։
Գործող կարգով պետական գրանցումը պարտադիր չէ, ինչն, ըստ օրինագծի հեղինակների, հնարավորություն է տալիս իրավաբանական անձ չհանդիսացող և ֆինանսատնտեսական գործունեություն չիրականացնող ՀԿ-ի հիմնադիրներին՝ օտարերկրյա ֆինանսավորում ստանալ՝ այն իրենց անձնական բանկային հաշիվներին փոխանցվելու միջոցով։ Դա, ըստ հիմնավորման, անվտանգային սպառնալիք է ներկայացնում։
«Նման կազմակերպությունները կամ միավորումները կարող են հակառուսական գործունեություն ծավալել ՌԴ տարածքում»,- ասվում է հիմնավորման մեջ։
Նշվում է նաև, որ նոր օրինագծով օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք իրավունք չեն ունենա ՌԴ-ում հասարակական կազմակերպություններ հիմնել։