27/03/2024 14:21
Բյուջեն աճում է, ռեկորդային քանակով սուբվենցիոն ծրագրեր ենք իրականացրել, ճանապարհաշինարարության պլանը 2-րդ տարին գերակատարել ենք. Սանոսյան
2024թ.-ի համար հատկացված 85,3 մլրդ դրամ է բաշխվել 71 համայքների միջև նոր սկզբունքով՝ ֆինանսական համահարթեցման կարգավորման շնորհիվ. ԱԺ-ում Կառավարության 5-ամյա ծրագրի 2023թ.-ի կատարողականի զեկույցին հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
«Այս տարվա բաշխումը 15,6 մլրդով ավելին է, քան 2023թ.-ին էր և այս թիվն աճում է»,-ասաց նա։
Սուբվենցիոն ծրագրերին անդրադառնալով՝ Սանոսյանը նշեց, որ նախորդ տարի ռեկորդային քանակով սուբվենցիոն ծրագրեր են կարողացել իրականացնել։ «446 ծրագրեր ենք իրականացրել, որոնց համար 58,2 մլրդ դրամ ենք վճարել, կառավարության մասնաբաժինը այդ ամենի մեջ կազմել է 3.3 մլրդ։ Սա ռեկորդային մեծ թիվ է, ընդ որում՝ 446 ծրագրերում կան բազմաթիվ ենթածրագրեր։ Եթե կարողանանք բոլորը հաշվել՝ կարող է 1000 ենթածրագրի հասնել, այսինքն՝ եթե մի պահ հանրապետթյանը վերևից նայեինք, 1000 վայրում կարող էին շինարարական ծրագրեր լինել հենց սուբվենցիոն ծրագրերով»,-ասաց նա։
Այս ծրագրերից զատ՝ ըստ նրա, մարզերում ևս 31 տարբեր հրատապ բնույթի ծրագրեր են իրականացվել, ընդհանուր բյուջեն 2,5 մլրդ է եղել։
Նախարարը նշեց, որ ճանապարհաշինարարության առումով 500 կմ պլանը ոչ միայն կատարել են, այլև գերակատարել են արդեն 2-րդ տարին։
«Ընդհանուր առմամբ, եթե բոլոր ծրագրերը միավորենք՝ հանրապետությունում կառուցվել, հիմնանորոգվել, վերանորգվել է 803 կմ ճանապարհ, որից 556-ը առանձնացնեմ՝ ամբողջովին պետական բյուջեով իրականացված ծրագրեր են»,-ասաց նա։