27/03/2024 14:55
Պահ եղավ, երբ ադրբեջանցի գործընկերն ինչ-որ բան ասաց, ես նույնիսկ կարիք չունեի դրան պատասխանելու. դա արեցին ԵՄ ներկայացուցիչներն ու փորձագետները. Սիմոնյան
Նույն միջոցառմանն ենք մասնակցել, դուրս ենք եկել, շնորհակալություն եմ հայտնել իրեն՝ Հայաստանին դրական անդրադարձ կատարելու համար, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Բելառուսի ընդդիմության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հետ հանդիպմանը՝ ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Պետք է արձանագրեմ, որ այդ միջոցառման ժամանակ շատ ակնհայտ էին ԵՄ-ի և այնտեղ ներկա գտնվող մեր գործընկերների արձանագրումները՝ Հայաստանի վերաբերյալ։ Պահ եղավ, երբ ադրբեջանցի գործընկերն ինչ-որ բան ասաց, ես նույնիսկ կարիք չունեի դրան պատասխանելու։ Դրան, իրար հերթ չտալով, պատասխանեցին ԵՄ տարբեր ներկայացուցիչներ, փորձագետներ։ Ես ուղղակի չէի կարող շնորհակալություն չհայտնել թե՛ իրենց, թե՛ մյուս գործընկերներին։ Ինչ-որ բաներ էին գրել, ես նույնիսկ այդ տղայի մասին չգիտեի, էլ չեմ ասում, որ ինքն իրավասու չէր նման հարցեր քննարկել, ինքն այնտեղ հրավիրված հյուր էր։ Դա է եղել խոսակցությունը։ Ես անլուրջ եմ համարում այն, որ այդ խոսակցությունն է եղել պատճառը, որ բելառուսցի գործընկերները կոնյակի մասով նման որոշում կայացնեն»,-նշեց Սիմոնյանը։
Հիշեցնենք՝ մարտի 17-ին հայտնի դարձավ, որ Հայաստանում Բելառուսի իշխանությունների պահանջով ձերբակալվել էր 4 տղամարդ, որոնք մեղադրվում են զորակոչից խուսափելու մեջ։ Յարոսլավ Նովիկովը չկարողացավ Վրաստանում բուլղարական վիզա ստանալ, ուստի 2024 թվականի փետրվարի սկզբին ստիպված եկավ Հայաստան։
Տիխանովսկայայի մամուլի ծառայությունը գրել էր, որ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնել են Բելառուսի ուժայինների պահանջով ձերբակալված Նովիկովի հարցը։ Հայաստանի ներկայացուցիչները հայտնել են, որ նա քաղաքական ապաստան կստանա ։
Aysor.am-ի հետ զրույցում Սիմոնյանի խոսնակ Նելլի Ղուլյանը հերքել էր այդ լուրերը՝ նշելով, պաշտոնական հանդիպում Տիխանովսկայայի հետ չի եղել: Միջանցքում տեղի է ունեցել զրույց, որի ընթացքում քննարկվել է վեհաժողովի բացման ժամանակ Տիխանովսկայայի անդրադարձը Հայաստանի Հանրապետությունում իրավիճակին: