27/03/2024 20:16
«Գոյ»-ի ստեղծագործական անձնակազմը դիմել է ոստիկանություն՝ բացելու դուռն ու ապահովելու իրենց մուտքը թատրոն․ մինչ այդ պետք է ապացուցեն, որ դուռը «Գոյ» թատրոնինն է
«Գոյ» թատրոնի ստեղծագործական անձնակազմը դիմել է ոստիկանություն՝ ապահովելու իրենց մուտքը թատրոն, սակայն առ այս պահը որեւէ արձագանք չկա։ Այդ մասին «Փաստինֆո»-ին ասել է կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը։
Մարտի 24-ին թատրոնի դերասաններն անակնկալի են եկել՝ մուտքի դուռը փակ գտնելով, որի վրա եղել է ծանուցում առ այն, թե շենք կարող են մուտք գործել «Սունդուկյանի» ծառայողական մուտքով, սակայն այնտեղ էլ փաստաթղթեր են պահանջել ու արգելել ներս մտնելը։
«Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրել է, որ դուռը բացելու համար դիմել են ոստիկանությանը, բայց դեռ արձագանք չկա, այնտեղ էլ փաստաթղթեր են պահանջել, որոնք կհավաստեն, որ «Գոյ» թատրոնի դուռն է։
«Հիմա փաստաթղթերն եմ հավաքում՝ հիմնավորելու համար, որ գան, մեզ օգնեն, ոստիկանության միջոցով բացենք դուռը» ,- ասել է Արզումանյանը։
Զուգահեռ թատրոնը 4 հայց է ներկայացրել ԿԳՄՍ նախարարության դեմ։
«Մի հայցի մասով դատական նիստ եղել է, մյուս հայցերով դեռ չի նշանակվել, վերջին նիստը կայացել է փետրվարի 19-ին, իսկ հաջորդը նշանակվել է ապրիլի 26 ին»,- ասել է Արզումանյանը։
Վիճարկվում է «Գոյ» թատրոնի գործունեությունը պետռեգիստրով, առանց թատրոնի վարչական կազմի ստորագրության, դադարեցնելու որոշումը։ ««Գոյ»-ի վարչական պատասխանատուներից ոչ ոք չի ստորագրել , թատրոնը պետռեգիստրում լուծարել են՝ առանց իրենց մասնակցության»,- ասել է նա։
Իսկ առաջին հայցով պահանջում են անվավեր ճանաչել ԿԳՄՍ նախարարության 701. Ն որոշումը, որով «Գոյ» թատրոնը միավորել են «Սունդուկյան» թատրոնի հետ։ «Այդ գործը քաշքշուկի մեջ է, տեղափոխվեց այստեղից այնտեղ, հիմա արդեն վարչական դատարանում է, գործը սկզբից պետք է մի հոգով քննեին, հետո 5 հոգով՝ կոլեգիալ , գործը իրենց համար շատ բարձր ցուցանիշներով է գրանցվել»,- հեգնանքով նկատել է Արզումանյանը՝ նշելով, որ այդ գործով դեռ դատական նիստ չի նշանակվել։ Առանձին հայցերով վիճարկել են նաեւ ԿԳՄՍ նախարարության մի քանի այլ գործողություններ։
Նրա արձանագրմամբ՝ քանի դեռ չկա «Գոյ» թատրոնի լուծարումը փաստող՝ օրինական ուժ մեջ մտած դատական ակտ, այն գոյություն ունի որպես հիմնարկ, և հույս ունեն, որ ոստիկանությունն, ի վերջո, թատրոնի դռները կբացի իրենց առաջ։