27/03/2024 22:47
«Ճակատագրական չաթը»․ Ո՞ւմ կամ ինչի՞ պատճառով են ազատման դիմում գրել 4 դատավորները
Դատական համակարգում ուշագրավ իրավիճակ է ստեղծվել, օրերի ընթացքում ազատման դիմում է գրել 4 դատավոր՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանը, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Սերգեյ Մարաբյանը, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը եւ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանը։
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ մոտ 4 տարի առաջ դատավորները ընդհանուր «չաթ» են ունեցել, քննարկել տարբեր թեմաներ, այդ թվում՝ քաղաքական հարցեր, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Նիկոլ Փաշինյանի եւ նրա մտերիմների հասցեին դատավորները հնչեցրել են հայհոյանքներ։
«Չաթում» ազատման դիմումներ գրած դատավորներից բացի, ըստ հրապարակումների, եղել է նաեւ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը, եւ, ըստ հրապարակումների, հենց նա էլ նամակները սքրին է արել ու դրանք հասցրել իշխանականներին։ Միայն Ռուբիկ Մխիթարյանն ազատման դիմում չի գրել։ Ազատման դիմումներ գրած դատավորները, սակայն, որեւէ ձեւով չեն անդրադարձել այս հրապարակմանը։
Չորս դատավորների ազատման պատճառը, ըստ Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի, «պայմանավորված է մի անբարոյականի վաստակի գործողություններով»։
News.am-ի հարցին, թե ո՞ւմ մասին է խոսքը, Ազարյանը պատասխանել է․ «Ինձ թվում է՝ բոլորը գիտեն՝ ում մասին է խոսքը։ Ցավոք սրտի, միությունն արդեն նման պայմաններում անզոր է։ Այլ բան է, եթե հրաժարականներ ներկայացրած դատավորները բարձրաձայնեն՝ ինչի մասին է խոսքը։ Բոլորը գիտեն, սակայն բոլորը լռում են»։
Փաստաբան Երվանդ Վարոսյանի խոսքով՝ կատարվածը մտահոգիչ է դատավորների համայնքի համար, հատկապես, որ նրանցից մեկը բարձր վարկանիշ ունեցող դատավոր Արշակ Վարդանյանն է։
«Ինքնին հարցն այնքան մտահոգիչ է, որ կարող ենք արձանագրել նաեւ պետության՝ որպես այդպիսին, վախճանը։ Դատավորներն իշխանությունների ճյուղերից մեկի կրողներն են։ Երբ 4 դատավոր անհայտ պատճառներով աշխատանքից ազատվում է, արդեն իսկ խոսում է նրա մաասին, որ այս պետության մեջ ինչ-որ բան այնպես չէ, որովհետեւ այդ անձինք, ի վերջո, քաղաքապետարանի ավտոբուսի վարորդները չէին, որ գնացին աշխատանքից, դե երեւի հոգնել էին»։
Փաստաբանն ընդգծել է՝ միայն այն հանգամանքը, որ իշխանությունների ցանկությամբ կարող են օրերի ընթացքում 4 դատավոր հրաժարական տալ, խոսում է այն մասին, որ անկախ դատական համակարգ Հայաստանը չունի։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում