27/03/2024 12:53
2023-ին ավելացել են ընտանեկան բռնությունների դեպքերով դատարան ուղարկված վարույթները․ ՔԿ ամփոփում
ՀՀ քննչական կոմիտեն վերլուծել և ամփոփել է 2023թ. ընթացքում ընտանեկան բռնությունների վերաբերյալ քննված քրեական վարույթների շարժընթացը։
Ըստ այդմ, նախորդ տարի Կոմիտեի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քննվել է ընտանեկան բռնության դեպքերով նախաձեռնված 1848 քրեական վարույթ՝ 2022-ին քննված 960 վարույթի դիմաց։
Այսպիսով՝ ընտանեկան բռնությունների կամ նման առերևույթ հանցավոր արարքների վերաբերյալ քննված քրեական վարույթների քանակը, նախորդ մեկ տարվա ընթացքում, բացարձակ ավելացել են 888-ով կամ 92,5 տոկոսով։
Վարույթների քանակական աճը պայմանավորված է հիմնականում 2022թ․ հունիսից ուժի մեջ մտած Քրեական դատավարության նոր օրենսգրքի պահանջներից բխող՝ քրեական վարույթներով վիճակագրության վարման նոր մեթոդաբանությամբ։ Բացի այդ, վերջին շրջանում արձանագրվում է ընտանեկան բռնությունների վերաբերյալ դեպքերի մասին տուժողների կողմից իրավապահ մարմիններին դիմելու միտում, այսինքն վարույթների քանակական աճը պայմանավորված է ոչ թե բռնությունների դեպքերի քանակական ավելացմամբ, այլ բացահայտումների աճով։
Դրան զուգահեռ արձանագրվել է նաև դատարան ուղարկված վարույթների քանակական աճ։ 2023-ին քննված 1848 վարույթից 338-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 341 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան։ 2022-ին դատարան է ուղարկվել 122 վարույթ՝ 126 անձի վերաբերյալ մեղադրանքով։
Դատարան ուղարկված վարույթների կեսից ավելին՝ 51 տոկոսը, վերաբերում է ֆիզիկական ներգործություն կատարելու (ծեծի) դեպքերին։ Մասնավորապես 343 վարույթներից՝
• 4-ը քննվել են սպանության հատկանիշներով (2022-ին սպանության դեպքերի վերաբերյալ դատարան է ուղարկվել 9 վարույթ)
• 4-ը՝ սպանության փորձի,
• 1-ը՝ ինքնասպանության հասցնելու,
• 6-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու,
• 7-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու,
• 30-ը՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու
• 1-ը՝ մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակելու,
• 3-ը՝ ազատությունից ապօրինի զրկելու,
• 3-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների,
• 2-ը՝ ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելու,
• 177-ը՝ ֆիզիկական ներգործության
• 105-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:
Դատարան ուղարկված վարույթներով մեղադրյալների գերակշռող մասը եղել են ամուսնական կապի մեջ։ Մասնավորապես 349 մեղադրյալից՝
• 259-ը հանդիսացել են կին/ամուսին (74 տոկոս)
• 35-ը՝ ծնող/տատ ու պապ (9,7 տոկոս),
• 28-ը՝ քույր/եղբայր (8 տոկոս),
• 27-ը՝ զավակ/թոռ (7,7տոկոս)։
Դատարան ուղարկված վարույթներով 359 տուժողից
• 13-ը եղել են մինչև 12 տարեկան,
• 8-ը՝ 12-14,
• 6-ը՝ 14-18,
• 332-ը՝ 18-ից բարձր տարիքի:
557 քրեական վարույթ կարճվել է, որից 463-ը` ռեաբիլիտացնող, իսկ 90-ը` ոչ ռեաբիլիտացնող, 4-ը՝ այլ հիմքով։
144-ով ավարտվել են վարույթային և ապացուցողական գործողությունները։ 14 քրեական վարույթ ուղարկվել է ըստ ենթակայության։
8-ն ավարտվել են եզրափակիչ ակտով և ուղարկվել դատարան։
149-ը միացվել է։ 608-ի վարույթ փոխանցվել է 2024թ.:
ՀՀ քննչական կոմիտեն հարկ է համարում իրազեկել և զգուշացնել, որ 2022 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած և գործող ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված իրավակարգավորումների համաձայն՝ որոշ հանցատեսակների պարագայում՝ օրինակ սպանություն, առողջությանը ծանր, միջին կամ թեթև վնաս պատճառելը, ազատությունից ապօրինի զրկելը, հոգեկան կամ ֆիզիկական ներգործությունը և այլն, հանցանքը մերձավոր ազգականի կողմից կատարելը համարվում է ծանրացնող հանգամանք:
Կոմիտեն քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ նման գործողություններից։