27/03/2024 12:04
Ի՞նչ արեց Փաշինյանը. ուրացավ ընդդեմ ցեղասպանության շարժումը, բավարարեց թուրքական պահանջներն ու Հայաստանը աշխարհաքաղաքական խաղացողից հասցրեց աշխարհաքաղաքական «բոմժի» կարգավիճակի
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Փաստեր, թե ինչպես Փաշինյանը Հայաստան պետությունը աշխարհաքաղաքական լուրջ խաղացողից դարձրեց աշխարհաքաղաքական «բոմժի» կարգավիճակի։
Թուրքիան, Ադրբեջանն ու Փաշինյանը չեզոքացնում են ՀՀ աշխարհաքաղաքական կշիռը։
Կա կարծիք, որ Հայաստանն աշխարհաքաղաքական առումով աշխարհին հետաքրքիր էր 5 գործոնների պատճառով.
1. Ատոմակայան։
2. Ռուսական ռազմաբազա։
3. Սյունիք եւ ինքնիշխան ճանապարհ դեպի Իրան։
4. Հայկական Արցախ։
5. Ընդդեմ ցեղասպանությունների շարժման համաշխարհային կենտրոն։
Ատոմակայան. աշխատում է բացառապես ռուսական հումքով։
Գաղտնիք չէ, որ տասնամյակներ շարունակ Թուրքիան ու Ադրբեջանն անում են ամեն ինչ, այն փակելու համար։
Փաշինյանը փչացնում է հայ-ռուսական հարաբերությունները՝ հարթելով թուրքական ծրագրի ճանապարհը։
Ռուսական ռազմաբազա. այն փաստացի արեւելաքրիստոնեական քաղաքակրթության պարիսպն է թուրքական աշխարհից՝ հնարավորություն տալով Հայաստանին չձուլվել պանթուրքիզմի ճիրաններում։
Փաշինյանը հետեւողաբար քայլեր է անում ռուսական ռազմական ներկայությունը հեռացնելու համար՝ Հայաստանը դարձնելով պանթուրքիզմի համար մեծ հյուրատուն-խաղատուն։
Սյունիք եւ կապ Իրանի հետ. Փաշինյանը համաձայնվում է պանթուրքիզմի ճանապարհի՝ «հայկական սեպի» բացմանը, Հայաստանը դարձնում է պանթուրքիզմի ֆուռերի համար միջանցք։ Ավելին, նա դա ցանկանում է անել ոչ թե իրանական կամ ռուսական ներգրավվածությամբ, այլ՝ թուրքական եւ արեւմտյան։ Արդյունքում Հայաստանը դադարում է լինել սուբյեկտ՝ վերածվելով հակառուսական ու հակաիրանական պլացդարմի։
Հայկական Արցախ. այն համահայկական անվտանգային համակարգի ողնաշարն էր ու մեր տարածաշրջանային գործոն լինելու գլխավոր ձեռքբերումը։ Հանձնելով Արցախը՝ Նիկոլը Հայաստանի ողնաշարը կոտրեց ու այդ գլխավոր դերակատարումը նվիրեց Ադրբեջանին։ Ընդդեմ ցեղասպանությունների պայքարի կենտրոն. Հայաստանը օրակարգ էր ձեւավորում աշխարհում ու հնարավորինս չեզոքացնում էր թուրքական սպառնալիքի ազդեցությունը։
Ավելին՝ Թուրքիան ու Ադրբեջանը ստիպված էին իրենց ռեսուրսների լուրջ հատվածը դնել այդ մեծ շարժման դեմ, որը նաեւ հնարավորություն էր տալիս մեզ ունենալ նոր դաշնակիցներ։
Ի՞նչ արեց Փաշինյանը։
Ուրացավ ընդդեմ ցեղասպանության շարժումը, բավարարեց թուրքական պահանջները ու Հայաստանը աշխարհաքաղաքական խաղացողից դարձրեց աշխարհաքաղաքական «բոմժի» կարգավիճակի»։