28/03/2024 20:33
Ե՞րբ է անհրաժեշտ հանձնել տեստոստերոն հորմոնի մակարդակը որոշող թեստ
Տեստոստերոնը ստերոիդ անդրոգենային հորմոն է, որը պայմանավորում է երկրորդային սեռական հատկանիշների զարգացումը, սեռահասունացումը և նորմալ սեռական գործունեությունը:
Տղամարդկանց մոտ տեստոստերոնի հիմնական մասը սինթեզվում է ամորձիներում, ավելի քիչ՝ մակերիկամների կեղևի ցանցավոր շերտի բջիջների կողմից և նախորդող նյութերից ծայրամասային հյուսվածքներ փոխակերպվելիս: Կանանց մոտ տեստոստերոնն առաջանում է ծայրամասային փոխակերպման ժամանակ, ինչպես նաև ձվարանների ֆոլիկուլի ներքին թաղանթի և մակերիկամների կեղևի ցանցավոր շերտի բջիջների կողմից:
Տեստոստերոնը մկանային հյուսվածքների վրա թողնում է անաբոլիկ ազդեցություն, նպաստում է ոսկրային հյուսվածքների հասունացմանը, խթանում է մաշկային գեղձերի կողմից մաշկային ճարպաբջջանքի առաջացմանը, մասնակցում է լյարդի կողմից լիպոպրոտեիդների սինթեզին, միջնորդավորում է b-էնդորֆինների («ուրախության հորմոնի») և ինսուլինի սինթեզը:
Տղամարդկանց մոտ ապահովում է արական տիպի սեռական համակարգի ձևավորումը, սեռահասունացման շրջանում արական երկրորդային սեռական հատկանիշների զարգացումը, ակտիվացնում է սեռական հակումը, սպերմատոգենեզը և պոտենցիան, մասնակցում է սեռական վարքի հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների ձևավորմանը: Կանանց մոտ տեստոստերոնը մասնակցում է ձվարաններում ֆոլիկուլի հետաճման գործընթացներին և հիպոֆիզի գոնադոտրոպ հորմոնների մակարդակների կարգավորմանը:
Տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակն արյան պլազմայում բարձրանում է սեռահասունացման շրջանում՝ մնալով բարձր ցուցանիշների վրա միջինը մինչև 60 տարեկանը: Արյան պլազմայում տեստոստերոնի մակարդակն օրվա ընթացքում ենթարկվում է տատանման՝ առավելագույն ցուցանիշները դրսևորելով առավոտյան, իսկ նվազագույնը՝ գիշերային ժամերին:
Աշնանային ամսիներին տեստոստերոնի մակարդակը քիչ բարձրանում է: Կանանց մոտ տեստոստերոնի առավելագույն մակարդակը գրանցվում է դաշտանային ցիկլի լյուտեինային և ձվազատման փուլերում: Հղի կանանց մոտ տեստոստերոնի մակարդակն աճում է 3-րդ եռամսյակի շրջանում՝ 3 անգամ գերազանցելով ոչ հղի կանանց մոտ գրանցվող մակարդակները: Դաշտանադադարի փուլում տեստոստերոնի մակարդակը նվազում է:
Տեստոստերոն հորմոնի թեստի հանձնումը ցուցված է, եթե կա՝
անպտղություն,
մազաթափություն և ճաղատացում,
մաշկային ցան,
ճարպային սեբորեա,
ապլաստիկ անեմիաներ,
մակերիկամային ուռուցքներ,
կորտիկոսերոիդների և անդրոգեն պարունակող դեղերի ընդունման հսկողություն։
Կանանց մոտ․
արական տիպի մազակալում (հիրսուտիզմ),
ձվազատման բացակայություն (անօվուլյացիա),
դաշտանի բացակայություն (ամենոռեա),
դաշտանի պակաս (օլիգմենոռեա),
դիսֆունկցիոնալ արգանդային արյունահոսություն,
հղիության ընդհատումներ,
պոլիկիստոզային ձվարանների համախտանիշ,
անդրոգենիտալ համախտանիշ,
արգանդի միոմա,
էնդոմետրիոզ,
կրծքագեղձերի նորագոյացություններ,
սեռահասունացման շրջանի հիպոթալամո-հիպոֆիզային համախտանիշ,
արգանդի և կրծքագեղձերի հիպերպլազիա,
սեռական պոտենցիայի (էրեկտիլ) խանգարումներ
սեռական հակման (լիբիդո) նվազում
Տղամարդկանց մոտ․
տղամարդկանց կլիմաքս,
առաջնային և երկրորդային հիպոգոնադիզմ,
քրոնիկ պրոստատիտ (շագանակագեղձի բորբոքում),
օստեոպորոզ,
Տեստոստերոն թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Արյունը հանձնելու նախորդ օրը պետք է բացառել ֆիզիկական ծանրաբեռնվածությունները (սպորտային մարզումներ) և ծխախոտի օգտագործումը: Կանանց մոտ հետազոտությունը պետք է իրականացնել դաշտանային ցիկլի 3-7-րդ օրերին, եթե բուժող բժշկի կողմից այլ ժամկետներ սահմանված չեն:
Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, պարտադիր քաղցած վիճակում (սննդի վերջին ընդունումը ոչ պակաս, քան 8 ժամ, ցանկալի է՝ 12 ժամ անց): Բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով): Կարելի է ընդունել ջուր:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն