28/03/2024 12:03
Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան էջ է բացել, որ իր լուսանկարները և Փաշինյանի դավաճանական գործողություններն արդարացնող պատմական ձևախեղումների համար ևս մեկ հարթակ ունենա. Մանուկյան
Դա պաշտպանության հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը չի, Անդրանիկ Քոչարյանի անձնական ֆեյսբուքյան էջն է։ Դեռ կճշտեմ, թե ինչու է Պաշտպանության հանձնաժողովի ֆեյսբուքյան էջով ինչ-որ պատմական հիմարություններ դուրս տրվում, իսկ մնացած հարցերով դիմեք Անդրանիկ Քոչարյանին, Aysor.am -ի հետ զրույցում անդրադառնալով հանձնաժողովի էջում տեղադրված գրառմանը՝ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանը։
Հարցին՝ իրավունք կա՞ նման գրառումներ տեղադրելու պաշտոնական էջերում, այն էլ առանց հանձնաժողովի մյուս անդամների համաձայնության՝ Մանուկյանը պատասխանեց.«Գիտեք, դա ընդհանրապես խնդրահարույց հարց է։ ՀՀ-ում արդեն շատ վաղուց ձևախեղվել է պաշտոնական աղբյուրներ, էջեր հասկացությունը։ Ամեն մեկը կարող է Պաշտպանության հանձնաժողովի անունից էջ բացել, կարծում եմ՝ Անդրանիկ Քոչարյանը մի հատ էջ բացել է, որ իր լուսանկարները և Նիկոլ Փաշինյանի բոլոր դավաճանական գործողություններն արդարացնող պատմական ձևախեղումների համար ևս մեկ հարթակ ունենա»։
Հիշեցնենք, որ այսօր հանձնաժողովի էջով տարածվել էր գրառում՝ «Չեմբեռլեն՝ որպես պարտությա՞ն, թե՞ հաղթանակի խորհրդանիշ»։