28/03/2024 19:26
Մեզ համար կա երկու հայկական հանրապետություն՝ անկախ նրանից, թե ով ինչպես է մտածում, և այդ երկու հայկական հանրապետությունները մեզ համար մեկ Հայրենիք են․ Մետաքսե Հակոբյան
Մեր ցանկացած գործողություն, քայլ, խոսք, մասնավորապես իմ՝ որպես Արցախի ԱԺ պատգամավորի, ունի մեկ նպատակ՝ վերադարձ Արցախ, կամ Արցախի վերադարձ հային, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունների։
Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարել է, թե «ՀՀ-ում կա մեկ կառավարություն, որը ՀՀ կառավարությունն է»՝ այդպիսով իր մտահոգությունը հայտնելով Արցախի Հանրապետության վտարանդի կառավարության ձեւակերպման առնչությամբ։ Փաստենք, որ Արցախի Հանրապետության իշխանություններն այսօր չեն կարողանում իրենց գործունեությունն իրականացնել Արցախում, քանի Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիեւի վարած բանակցությունների արդյունքում ստիպված են եղել տեղահանվել։
«Մի բան կարող եմ ասել՝ ի պատասխան ՀՀ վարչապետի այսօրվա հայտարարության, որ ցանկացած մեր գործողություն, նկատի ունեմ կոնկրետ իմ պահով՝ որպես Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավորի, ցանկացած խոսք, քայլ մի նպատակ ունի՝ վերադարձ Արցախ, կամ Արցախի վերադարձ հային»,- նշել է Մետաքսե Հակոբյանը։
Նա հավելել է՝ իրենք նպատակ չունեն որևէ այլ գործառույթ իրականացնել՝ բացի արդարացի քայլերից, իրենց գործողությունները միտված են օկուպացված Արցախի վերադարձին։
Մետաքսե Հակոբյանը նշել է նաև՝ Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչև Արցախի վերադարձը։
«Մեզ համար կա երկու հայկական հանրապետություն՝ անկախ նրանից, թե ով ինչպես է մտածում, և այդ 2 հայկական հանրապետությունները մեզ համար մեկ հայրենիք են»,- նշել է Արցախի խորհրդարանի պատգամավորը։
Մետաքսե Հակոբյանը շեշտել է՝ իրենք չեն կարող Արցախը գերադասել՝ ստորադասելով Հայաստանը, կամ հակառակը, չեն կարող Հայաստանի Հանրապետությունը գերադասել՝ ստորադասելով Արցախը։
«Եթե մեր քայլերն աջակցեին ՀՀ իշխանությունները, շատ ավելի ճիշտ կլիներ, շատ ավելի ուժգին, շատ ավելի լսելի»,- արձանագրել է Մետաքսե Հակոբյանը։