28/03/2024 11:35
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ անում են քայլեր, որոնք ապառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (Տեսանյութ)
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ կամա թե ակամա անում են գործողություններ ու քայլեր, որոնք ապառնալիք են ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության համար, այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների ու այլնի մասին։ Ես ուզում եմ շատ հստակ հայտարարել՝ Հայաստանում կա մի կառավարություն ու այդ կառավարությունը նստած է այս դահլիճում»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե իր այս ուղերձը պետք է շատ հստակ արձանագրել։
«Անհրաժշետության դեպքում պետք է արվեն համապատասխան քայլեր ու ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որ նաև արտաքին ուժերը որոշ շրջանակների Հայաստանի անվտանգության համար որպես սպառնալիք չօգտագործեն»,- ընդգծեց Փաշինյանը։
Վարչապետը հայտարարեց՝ Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, չի կարող որևէ այլ կառավարություն գոյություն ունենալ։
«Եթե որևէ մեկը Հայաստանում իրեն նույնականացնում է որպես կառավարություն՝ ՀՀ ազգային անվտանգության խնդիր է, ու հույս ունեմ, որ այդ խնդրի գոյությունը չի նշանակի, որ այդ մարմիններն իրենց աշխատանքներում թերացել են։ Սա ուղղակի հայտարարություն չէ, որը հնչում է բարձրախոսից, սա հստակ արձանագրում է, որը պետք է արտահայտվի իրական կյանքում»,- շեշտեց նա։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նրանք, ովքեր հանդես են գալիս այդ ուղերձներով, իրենք պատասխանատվությամբ հանդես գալու հնարավորություն ունեցել են։
«Ու տեսել ենք, թե ինչ են արել այդ հնարավորության հետ։ Կրկին ասում եմ՝ Հայաստանում որևէ այլ կառավարություն չկա, չի եղել ու չի կարող լինել»,- ասաց վարչապետը։
Նա ասաց, թե պետության նկատմամբ նման գործողությունները չեն կարող անարձագանք մնալ։