28/03/2024 12:18
Ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածվում է կոլեկտիվ Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա
Վաշինգտոնում, Բրյուսելում և Երևանում ձևացնում են, թե զարմանում են՝ ինչու է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը «մտահոգություններ» առաջացնում շատերի մոտ. հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
«Նշվում է, որ այն ուղղված չէ երրորդ կողմի դեմ։ Նման իրադարձությունները Ռուսաստանում անհանգստություն են առաջացնում, քանի որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչները մեր գործընկերներին ուղղակիորեն ասում են, որ իրենց հիմնական ուշադրությունը բացառապես Ռուսաստանի դեմ է։ Դա հենց այն է, ինչ ասում են՝ բաց տեքստով»,-ասել է նա։
Ըստ Զախարովայի՝ նման հանդիպումները անհանգստություն են առաջացնում տարածաշրջանի երկրների մեծ մասի մոտ։ «Դրանք ուղղված են ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը, այլ Արևմուտքի՝ իր ծայրահեղ ապակառուցողական մոտեցումներով Հարավային Կովկաս հետագա ներմուծմանը, այնտեղ նոր բաժանարար գծեր ստեղծելուն։ Ստիպում են երկրներին տարածաշրջանում հետևել հակառուսական օրակարգին՝ քանդելով նրանց դարավոր կապերը Մոսկվայի հետ, թուլացնել տարածաշրջանային անվտանգության և տնտեսական համագործակցության առկա մեխանիզմները»,-ասել է նա։
Զախարովան նշել է, թե մեծ հարց է՝ ինչու է պաշտոնական Երևանը ձևացնում, թե չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը։
«Ի վերջո, ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածվում է հայ ժողովրդի հիմնարար շահերի հետ լիովին հակասող հավաքական Արեւմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի»,-ասել է նա։