28/03/2024 20:19
«Աշխարհի համար նոր պրոբլեմներ մի ստեղծեք»․ Չինաստանը մտահոգված է AUKUS-ի հնարավոր ընդլայնմամբ
AUKUS (Ավստրալիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ) դաշինքի ցանկացած ձևաչափով ընդլայնում Չինաստանը կդիտարկի որպես սպառնալիք՝ ուղղված Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում լարվածության ավելացմանը, հայտարարել է Չինաաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Ու Ցյանը՝ մեկնաբանելով Ճապոնիայի հնարավոր ներգրավվածությունը AUKUS-ի գործունեությանը։
«ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի միջև ռազմական համագործակցությունն ընդլայնելու ցանկացած փորձ քայլ է՝ վտանգավոր ուղղությամբ և ավելացնում է տարածաշրջանի երկրների և միջազգային հանրության մտահոգությունները»,- ասել է նա՝ AUKUS-ի երկրներին կոչ անելով աշխարհի համար նոր պրոբլեմներ չստեղծել և չվտանգել տարածաշրջանի կայունությունը։
«Չինաստանը Ճապոնիայից պահանջում է հավատարիմ մնալ խաղաղ զարգացման ուղուն, շրջահայաց ու խոհեմ լինել իր խոսքերում և ռազմական ու անվտանգության ոլորտում գործունեությունում»,- ասել է ՉԺՀ ՊՆ ներկայացուցիչը։
Նշենք, որ ավելի վաղ ճապոնական Nikkei պարբերականը, հղում անելով ամերիկյան պաշտոնական աղբյուրներին, գրել էր, որ ԱՄՆ բանակցում է Ավստրալիայի ու Մեծ Բրիտանիայի հետ՝ Ճապոնիային պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում AUKUS-ի հետ համագործակցությանը ներգրավելու հարցի շուրջ։