28/03/2024 15:23
Հայաստանը 300 հազար դոլար կնվիրաբերի Ճապոնիային
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է գումար հատկացնել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը:
Ըստ հիմնավորման՝ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես տեղեկացրել է Ճապոնիայում հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին, որ Ճապոնիայի Իշիկավա պրեֆեկտուրան և Ճապոնական Կարմիր խաչի ընկերակցությունը մինչև 2024թ.-ի դեկտեմբերի 27-ը նվիրատվություններ կընդունեն՝ 2024թ.-ի հունվարի 1-ին Նոտո թերակղզում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար:
2011թ.-ին Ֆուկուշիմայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից և ցունամիից տուժածների համար ՀՀ-ն նվիրաբերել էր 500 հազար ԱՄՆ դոլար և, հաշվի առնելով Նոտո թերակղզում տեղի ունեցած երկրաշարժի ավերածությունների չափը և ընդհանուր վնասը, առաջարկվում է այս անգամ ևս ՀՀ կողմից նվիրատվություն իրականացնել՝ ճապոնական կողմին փոխանցելով 300 հազար ԱՄՆ դոլարի չափով գումար: