28/03/2024 12:11
ՌԴ-ի հետ մնալով՝ կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին․ այլընտրանք չունենք․ Արամ Սարգսյան
Մինչև 2020թ.-ը մենք մտածում էինք՝ քանի որ ունենք ԼՂ հարց, ՀՀ-ի ինքիշխանության հարց, պետք է մնանք ռուսական ուղեծրում. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի համաժողովին հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
Ըստ նրա՝ ՌԴ ուղեծրում մնալով՝ ՀՀ-ն փորձում էր պաշտպանել Արցախը։ «Մտածելով՝ ոչինչ, որ տենտեսության առումով հետամնաց կլինենք, որ մարդու իրավունքների առումով խնդիրներ կունենանք, բայց գոնե ԼՂ առումով մեր հայրենակիցների խնդիրները կլուծվեն։ 2020-ից հետո պարզ դարձավ, որ մեր մոտեցումները և ՌԴ-ի մոտեցումները տվյալ խնդրի վերաբերյալ տարբեր են»,-ասաց նա։
Ըստ Սարգսյանի՝ այսօր ՀՀ-ն կանգնած է իսկապես լուրջ ճամփաբաժնի առաջ․«Մենք ունենք բանակը վերափոխելու խնդիր, լուրջ սպառազինության խնդիր, տնտեսությունը ոտքի կանգնեցնելու խնդիր, հանրային կյանքում քաղաքացու, մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներ, և այս բոլոր խնդիրները կարող ենք լուծել միմիայն Արևմուտքում»։
Սարգսյանը նշեց, որ հարևան երկրներից Վրաստանը ԱՄՆ-ի հետ է, Ադրբեջանը Թուրքիայի հետ է, նաև նրա շահերը համընկնում են ՌԴ-ի հետ։ «Տարածաշրջանում մնացել ենք մենք, որպեսզի կողմնորոշվենք։ Եթե մնում ենք ՌԴ-ի հետ, մենք մնում ենք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին։ Հետևաբար, մենք այլընտրանք չունենք»,-ասաց նա։