28/03/2024 22:35
«Կա ճանապարհի մի կտոր, որը կարող ենք մի քանի կիլոմետր այս կողմով սարքել»․ Ալեն Սիմոնյանը նույնպես քարտեզ ցուցադրեց ու պնդեց՝ Տավուշում ինչ անում են, «մեզ է պետք»
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց՝ ՀՀ իշխանությունները հայկական տարածք չեն հանձնի Ադրբեջանին՝ այսպիսով ակնարկելով, թե Ադրբեջանի տարածքային պահանջները հայկական տարածքների նկատմամբ «չեն»։
Սիմոնյանը գրֆիկայի տեսքով քարտեզ ցուցադրեց նաև Հանրայինի եթերում՝ պատկերավոր «հիմնավորելու» համար իր ասածները։
«Ինչ մերն է, մնալու է մերը, ինչն իրենցն է, թող մնա իրենցը»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է ենթակառուցվածքներին, որոնք Տավուշի 4 գյուղերն Ադրբեջանին հանձնելու դեպքում կհայտնվեն թշնամու վերահսկողության տակ, ապա, Ալեն Սիմոնյանի խոսքով, գազատար այդ հատվածում չկա։
«Նկատի ունեմ սահմանի դեղին գիծը (իր ցուցադրած քարտեզի-խմբ․)։ Կա ճանապարհի մի կտոր, որը, երբ խոսակցությունը գա, հասնի այն բանին, որ հասկանանք՝ ճանապարհի այդ կտորն ինչ ենք անելու, մեր դիրքորոշումն այն է, որ մենք մեր ճանապարհը կարող ենք մի քանի կիլոմետր այս կողմով սարքել։ Կնայենք՝ որն է մեր համար ամենահարմար բանը, կանենք»,- ասաց Սիմոնյանը։
Հարցին՝ սա անում են սպառնալիքի տա՞կ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․
«Սպառնալիքի տակ չենք անում։ Մենք սա անում ենք, որովհետև սա մեզ պետք է։ Սա մեզ է պետք, հասկանու՞մ եք։ Երբ ասում ենք՝ կադաստրի վկայական ունենանք, դա վերացական բան չի կարող լինել»։