29/03/2024 13:10
Չեմ ուզում վախեցնել, բայց պատերազմն իրական է, մենք ապրում ենք նախապատերազմական փուլում. Լեհաստանի վարչապետ
1945 թ. ի վեր՝ առաջին անգամ Եվրոպայում պատերազմը կրկին իրական է դառնում, մենք այժմ թևակոխում ենք նախապատերազմյան շրջան. հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։
Միջազգային լրատվամիջոցներին տված իր առաջին հարցազրույցում Տուսկն ընդգծել է իրավիճակի լրջությունն ու նշել աճող սպառնալիքների առջև զգոնության և հավաքական գործողությունների անհրաժեշտությունը․
«Ես չեմ ուզում որևէ մեկին վախեցնել, բայց պատերազմն այլևս անցյալի հասկացություն չէ, ցանկացած սցենար հնարավոր է, և մենք պետք է մտովի վարժվենք նոր դարաշրջանի, այսինքն՝ նախապատերազմյան դարաշրջանի գալուստին։ Չեմ չափազանցնում, սա օրեցօր ավելի նկատելի է դառնում։ Հետևաբար, Եվրոպան պետք է ավելի շատ ներդրումներ կատարի պաշտպանության ոլորտում, բայց այժմ առաջնահերթ խնդիրն է հնարավորինս շատ գումար ծախսել Ուկրաինայի համար տեխնիկա և զինամթերք ձեռք բերելու վրա, քանի որ մենք գտնվում ենք Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր ամենակրիտիկական շրջանում, և եթե Ուկրաինան պարտվում է, Եվրոպայում ոչ ոք չի կարողանա իրեն ապահով զգալ»։
Դոնալդ Տուսկը հիշեցրել է, որ երբ ինքը եղել է վարչապետ 2007-2014 թվականներին, «Բալթյան երկրներից բացի, ոչ ոք ուշադրություն չի դարձրել ռուսական սպառնալիքի մասին իր նախազգուշացումներին»։