29/03/2024 13:42
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևանի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձանց մուտք գործելու, սպառնալիքներ հնչեցնելու և պայթյունի դեպքով քննվող քրեական վարույթի շրջանակներում լայնածավալ քննչական գործողություններ ու խուզարկություններ են իրականացվում։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը մանրամասնել է, որ լայնածավալ քննչական գործողություններ են իրականացվում, որոնք ընդգրկում են շուրջ 4 տասնյակ անձանց բնակարաններ և այլ վայրեր։
Ավելի վաղ՝ Ազգային ժողովրդավարական բևեռ կուսակցությունը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտարարություն էր տարածել, որ խուզարկություն է իրականացվել կուսակցության մի խումբ անդամների բնակարաններում։
Մարտի 24-ին երեք անձ զինված փորձել էին ներխուժել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևանի վարչության Նոր Նորքի բաժանմունք, որի ընթացքում նրանցից մեկի մոտ եղած նռնակի պայթյունի հետևանքով ներխուժել փորձողներից երկուսը վիրավորվել և տեղափոխվել էին հիվանդանոց։ Երրորդ անձը՝ նռնակներով զինված՝ մնացել էր ոստիկանության բաժանմունքի շենքի դիմաց՝ սպառնալով պայթեցնել նռնակները։ Նրա հետ երկարատև բանակցություններից հետո ՀՀ ոստիկանության ծառայողներին և ԱԱԾ աշխատակիցներին, ի վերջո, հաջողվել էր վնասազերծել տղամարդուն և բերման ենթարկել։ Վնասազերծելուց հետո նրա մոտ հայտնաբերվել էր 4 նռնակ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել՝ ահաբեկչության հոդվածով։
Ավելի ուշ ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հաստատել էր, որ ոստիկանության բաժանմունք ներխուժելու փորձ կատարած 3 անձինք Ազգային-ժողովրդավարական բևեռ կուսակցության համակիրներ են։