29/03/2024 19:49
«Ուղղված է թուրք-ադրբեջանական տանդեմին, որ տեսեք՝ ես հավատարիմ եմ իմ տված խոստմանը, Արցախի հարցը փակ է»․ Դավիթ Գալստյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
Սկսած 2018 թվականից՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շատ ավելի մեծ սպառնալիք է հայկական պետականության համար, քան որեւէ այլ անձ կամ քաղաքական ուժ, News.am-ի հետ զրույցում ասել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:
«Նիկոլ Փաշինյանի բոլոր հարցազրույցները միտված են իր իշխանությունը երկարաձգելուն, նա ամեն ինչ բարդում է ուրիշների վրա եւ որեւէ բանի համար պատասխանատվություն չի կրում:
Արցախի թե՛ ԱԺ-ն, թե՛ իշխանությունը արդեն իսկ 6 ամիս է՝ գործում է, օրենքների մեջ փոփոխություն է կատարել ԱԺ-ն, գործնական առաջարկներ է արել գործադիրը այս իշխանություններին: Ու 6 ամիս հետո Փաշինյանի կողմից նման հայտարարություն անելը միտված է մեղավորների փնտրտուքի: Հերթական անգամ իր զիջողական կեցվածքի մեղքը փորձում է կրկին արցախցիների վրա»,-ասել է նա:
Անդրադառնալով կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ անում են քայլեր, որոնք ապառնալիք են ստեղծում ՀՀ անվտանգության համար», Դավիթ Գալստյանն ընդգծել է. «Նախ, դա ուղղված է թուրք-ադրբեջանական տանդեմին, որ տեսեք, ես հավատարիմ եմ իմ տված խոստմանը․ Արցախի հարցը փակ է, անհրաժեշտության դեպքում ուժայիններին գործի կդնեմ, բոլորին կմեկուսացնեմ: Երկրորդն այն է, որ այո, իշխանությունները հերթական անգամ սպառնալիքի լեզվով են խոսում»: