29/03/2024 09:40
«Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019թ ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը այսպիսի միտք արտահայտեց. «Մենք իշխանություն կենտրոնացնելու, պահելու, ճանկռելու, կրծելու, գրկելու խնդիր չունենք։ Մենք ժողովրդի վստահության քվեով կառավարություն ենք հիմա, վաղը ժողովրդի քվեով կարող է չլինենք կառավարություն»։
Մինչդեռ իրականում 2020թ․՝ ժողովրդի համար անսպասելի պարտությունից հետո (ամեն օր հայտարարվում էր, որ հաղթում ենք) Հայաստանի և Սփյուռքի բազմաթիվ կառույցներ, անհատներ, հանրությանը հայտնի բազմաթիվ անձինք, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, անգամ ՀՀ նախագահն ու կաթողիկոսը, բանակի բարձրաստիճան սպայակազմը, ԳԱԱ-ն, տարբեր կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչներ պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նա հրաժարական չտվեց։ Ավելի ուշ տվեց հրաժարականը, սակայն իշխանությունը պահեց իր ձեռքում և ինքը կազմակերպեց, անցկացրեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Զանազան բռնաճնշումների միջոցով կարողացավ 2021 թվականի հունիսյան արտահերթ ընտրությունների արդյունքում վերարտադրվել։
2022-2023 թվականներին մի շարք համայնքներում, որոնցում տեղական ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիրը» պարտվել էր, կարողացան կալանավորումների, քրեական գործերի ու քրեական տարրերին գործի դնելու միջոցով հասնել կրկնակի ընտրությունների և հաղթանակի։ Մի շարք համայնքներում էլ, օրինակ՝ Վանաձոր, Ալավերդի և այլն, որոնցում պարտվել էին, տեղի ունեցավ համայնքապետի պաշտոնի խլում, Վանաձորում՝ ընտրված քաղաքապետը կալանավորված է մինչ օրս, Ալավերդիում՝ ձայնագողության արդյունքում անվստահություն հայտնեցին համայնքի ընտրված ղեկավարին։
Ընտրողների քվեն ժողովրդավարական երկրի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի համար գրոշի արժեք չունի: Նույնիսկ ընտրված մարդիկ չեն կառավարում: Դե իսկ երևանում ավագանու ընդդիմադիր ներկայացուցիչներին մանդատներից զրկեցին: Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է»։