29/03/2024 12:30
Թիմակիցների կողմից պահանջ կար, որ Մարությանի գլխավորությամբ նոր ուժ ստեղծվի. Կուբաթյանը՝ կուսակցության ստեղծման պահանջի, ծրագրի մասին
Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում՝ «Նոր ուժ», այն դեռ գրանցված չէ։
Հայկ Մարությանի թիմակից Հովսեփ Կուբաթյանն Aysor.am-ի հետ զրույցում նշեց՝ կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը կա։
Հարցին՝ ինչո՞ւ որոշվեց նոր ուժ ստեղծել, այլ ոչ թե «Ազգային առաջընթաց» կուսակցության հետ գործունեություն ծավալել, որով և մասնակցել էին Երևանի ավագանու ընտրություններին՝ Կուբաթյանը պատասխանեց.«Հայկ Մարությանն այդ հարցին մի քանի օր առաջ պատասխանել է։ Իր թիմակիցների կողմից պահանջ կար, որպեսզի Մարությանի գլխավորությամբ նոր ուժ ստեղծվի»։
Իսկ արդյո՞ք նա է գլխավորելու կուսակցությունը՝ Կուբատյանը նշեց .«Դեռ համագումարը տեղի չի ունեցել, կուսակցությունը գրանցված չէ։ Բոլոր հարցերը համագումարի ժամանակ կքննարկվեն, որոշում կընդունվի։ Օրենքով 300 մարդ պետք է համագումարին ներկա լինի։ Համագումարը տեղի կունենա մայիսի 1-ին»։
«Նոր ուժ» կուսակցության գաղափարական հենքը սոցիալ-ռեֆորմիզմն է։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ կուսակցության դիրքորոշումը հիմնվում է Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ապրելու անառարկելի իրավունքի վրա։ Ուժի և ուժի սպառալիքի կիրառմամբ և էթնիկ զտումների միջոցով հնարավոր չէ չեղարկել ՄԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված ազգերի ինքնորոշման սկզբունքը, որը դրված է եղել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի հիմքում։
«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը կհամագործակցի գաղափարախոսությամբ և արժեքներով իրեն մոտ եվրոպական կուսակցությունների հետ՝ ջանալով դառնալ եվրոպական Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական ալյանսի անդամ։
Նշենք, որ Հայկ Մարությանի թիմակից, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը չի ընդգրկվի կուսակցության շարքերում։
«Աշխատանքիս բերումով համարում եմ, որ չպիտի կուսակցական լինեմ»,-մեզ հետ զրույցում ասաց Աբգարյանը։
Կուսակցության ծրագրին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։