29/03/2024 15:04
Ադրբեջանը երբեք չի ասել և չի էլ ասելու, որ Արցախի բնակչությունն իրավունք չունի վերադառնալու իրենց երկիր. Արա Ղազարյան (Տեսանյութ)
Ադրբեջանը երբեք չի ասել, որ Արցախի բնակչությունն իրավունք չունի վերադառնալու իրենց երկիր և չի էլ ասելու. հայտարարեց միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը։
«Թեև մենք, իհարկե, գիտենք, որ դա երեսպաշտություն է, երկակի ստանդարտ է, բայց առնվազն նա խաղը խաղում է, հանցագործները կատարում են միջազգային իրավունքի սկզբունքները վերբալ կերպով՝ հարգելով։ Այն, ինչ ասում է ներքին աուդիտորիային, ուրիշ է միջազգային ասպարեզում»,-ասաց նա։
Ըստ Ղազարյանի՝ վերադարձի իրավունքը միջազգային իրավունքի սովորույթի իրավունքի նորմ է, որովհետև պետությունները դարեր շարունակ հարգել են և չեն էլ ընդդիմացել դրան։
Նա ընդգծեց՝ արցախցիներն իրենց բնակավայրերը լքել են ռազմական գործողություների հետևանքով և ժնևյան կոնվեցիայի 49-րդ հոդվածը հստակորեն ամրագրում է վերադարձի իրավունքը, ամարգրում է նաև բռնագաղթի արգելքը։
«Սա նշանակում է՝ Ադրբեջանը պարտավորված է լինելու կառուցակարգեր մշակել հայերի համար, առաջին հերթին՝ անվտանգությունը, երևի նոր օրենքներ ընդունի կամ բնակիչներին այլ բան սովորեցնի, համակարգային խտրական խոսքը վերացվի՝ կրկին ինտեգրման համար»,-ասաց նա։
Արա Ղազարյանը նշեց, որ ունի երեք գործ՝ Ադրբեջանի դեմ շահած, բայց Ադրբեջանը չի կատարում վճիռները, բայց չի էլ ասում, որ չի կատարում։
«Ադրբեջանն անընդհատ կարողանում է խուսանավել միջազգային նորմերի արանքում, բայց երկար չի տևի, որոշակի ռեսուրսներ կան քաղաքական, իրավաբանական, որոնք գնալով սպառվում են»,-ասաց նա։