29/03/2024 09:52
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, գնացել էր Գյումրի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները: Փաշինյանի ավտոշարասյանը վարորդները մեքենայի ձայնային ազդանշաններով ու սուլոցներով են ուղեկցել:
Նախ այդ օրը Գյումրու կենտրոնական փողոցները փակ են եղել, Փաշինյանի գալու առիթով պարեկները Գյումրիում «կանգնեցրել են» շարժը, ինչը ևս բարկացրել է տեղացիներին, ու այդ պատճառով նաև քաղաքացիները և պարեկները բախվել են, ընդհարումներ ունեցել: Գյումրիում տեղի էր ունեցել նաև ՔՊ նախաձեռնող խմբի նիստը:
Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, Փաշինյանը Գյումրիում գրեթե նույն սպառնալից ու չհուսադրող հայտարարություններն է արել, ինչ Տավուշում: Ասել է, որ այլընտրանք չունենք, պետք է Ադրբեջանի պահանջած տարածքները տանք, որպեսզի պատերազմ չլինի: Միևնույն ժամանակ նա երաշխիք չի էլ տվել, որ եթե Ադրբեջանի հերթական ապօրինի պահանջը կատարենք, ապա պատերազմ չի լինի»։