30/03/2024 15:03
ՔՊ-ականներն Արագածոտնում հանդիպել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց
Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակում տեղի է ունեցել մարզում բնակություն հաստատած, ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցների հետ հանդիպում, որի ընթացքում մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ԱԺ պատգամավորները և կառավարության ներկայացուցիչները հանդես են եկել ելույթներով, ներկայացրել նրանց բնակարանային ապահովմանն ուղղված ծրագրի մանրամասները։
Սերգեյ Մովսիսյանը նշել է, որ ԼՂ-ից տեղահանված անձանց սոցիալական ապահովության հարցերը ՀՀ Կառավարության օրակարգում են, և հանդիպման նպատակն է պաշտոնատար անձանց հետ անմիջական հարցուպատասխանի միջոցով բարձրացնել մեր հայրենակիցների իրազեկությունը իրականացվող պետական ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև արձանագրել նրանց հուզող հարցերն ու ուրվագծել դրանց լուծումները։
Աժ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նշել է, որ ԱԺ-ում քննարկվում են ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցներին վերաբերող տարաբնույթ հարցեր և մշակվում են օրենքներ, և շատ կարևոր է, որ պատգամավորները հենց առաջին ձեռքից տեղեկանան խնդիրների մասին, ինչի համար էլ նախաձեռնվել են այս ձևաչափի հանդիպումները։
Հաջորդիվ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը հակիրճ ներկայացրել է ԼՂ մեր հայրենակիցների համար իրականացված և իրականացվելիք ծրագրերը։
Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել բնակարանային ապահովման ծրագրին, հանգամանալից ներկայացվել են մանրամասները։
Այսպիսով, նախատեսվում է բնակարան գնելու կամ կառուցապատելու համար մեկ անձի հաշվարկով հատկացնել 3–5 միլիոն դրամ՝ կախված բնակավայրից։
Առաջնահերթություն է տրվելու 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին, անչափահաս երեխաներ ունեցող զոհված զինծառայողների ընտանիքներին, խոցելի խմբերի ընտանիքներին։
Հաջորդիվ առաջնահերթությունը կտրվի 1 կամ ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին,այլ խմբերի ներկայացուցիչներին։