30/03/2024 20:13
Ոչ մի դրսի տիկնիկավար չի կարող պահել Փաշինյանին մեր գլխին, եթե ժողովուրդը չհանդուրժի․ Արմեն Աշոտյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կալանավայրից հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիների կողմից իրեն ուղղված հարցերին։
Սարո Նահապետյանը հարցրել է․ «Լայնածավալ պատերազմի վերսկսումը, ըստ Ձեզ, քանի՞ տոկոսով է հնարավոր, և Նիկոլը այս տարի կգնա՞, թե՞ ոչ»:
«Այս հարցին տոկոսային ճշգրտությամբ պատասխանել չի լինի, քանզի այլ դառը վերլուծություն է պետք անել: Լայնածավալ պատերազմի վերսկսումը խիստ հավանական է: Այդ մասին անգամ ռեժիմն է բարձրաձայնում, բայց հետապնդելով բոլորովին այլ նպատակներ, այն է՝ Ալիևի հետ փոխհամաձայնեցված խաղով մշտապես վախեցնել հայ ժողովրդին և դրդել նորանոր զիջումների, որոնց վերջը չի երևալու, մինչև նրանք չվերադարձնեն Հայաստանը և հայ ժողովուրդը՝ որպես քաղաքական գործոն: Ակնհայտ է, որ Նիկոլի օրոք մեր դեմ բոլոր պատերազմները և հարձակումները սարքած են, և եթե Փաշինյանը մնա, ապա հաջորդիվ նույնպես այդպես է լինելու: Այս քաղաքականության անունն է «Հայաստանը տանք՝ հանգիստ ապրենք»:
Ինչ վերաբերում է Նիկոլի գնալուն, նա ինքնակամ չի գնալու. նրան պետք է վռնդել, քշել, հեռացնել։ Կստացվի դա, թե չէ՝ կախված է բացառապես հայ ժողովրդից: Ոչ մի դրսի տիկնիկավար չի կարող պահել նրան մեր գլխին, եթե մենք չուզենանք և չհանդուրժենք: Իսկ դրսի մասնակցությամբ նրան գահընկեց անելը մեկ այլ, նոր մարտահրավեր կստեղծի Հայաստանի պետականության համար: Ուստի Նիկոլից պրծնելը հայ ժողովրդի՛ որոշումը և քայլը պետք է լինի, ինչի համար կան բոլոր նախադրյալները, պայմանները և հրամայականները»,- պատասխանել է Արմեն Աշոտյանը: