30/03/2024 15:52
Իշխանությունը քարոզիչների ու ոստիկանների միջոցով գործողություններ է անում Տավուշում՝ զարգացումների դեպքում մարդկանց վերահսկողության տակ պահելու նպատակով․ Դանիելյան
«Ժամանակ առ ժամանակ ոստիկանական խմբերի թիվը Ոսկեպարում և հարակից համայնքներում ավելացնում են»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Տավուշի մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ով Տավուշում է գտնվում։
Նշենք, մամուլն այսօր գրել է, որ Նիկոլ Փաշինյանի այցից հետո ոստիկանական հատուկ խմբեր են գործուղել Ոսկեպար, Բաղանիս և հարակից համայնքներ, որոնք ուժեղացված ծառայություն են իրականացնում, հայտնաբերում են լրատվամիջոցներին հարցազրույց տված գյուղացիներին, հորդորում այլևս հարցազրույցներ չտալ և դրանով չշարժել Ալիևի զայրույթը։
«Խնդիրն այն է, որ երբ դրսից մարդիկ են այցելում գյուղեր, սկսում են այդ մարդկանցով հետարքրքվել, թե՝ ինչո՞ւ են եկել, նպատակը ո՞րն է, ինչն էլ մարդկանց կաշկանդում է, նյարդայնացնում։ Այսինքն՝ փորձում են նաև այդ կերպ մարդկանց մեջ վախ ներարկել: Հենց այս պահին Ոսկեպարում կամ մյուս գյուղերում ոստիկանական մեծ խմբեր չկան, քանի որ իշխանությունն իր գործն ավելի շատ ծածուկ է անում՝ ոչ պաշտոնական խողովակներով, զանգերով և այդ կերպ փորձում վախի մթնոլորտ ձևավորել։ Իմ կարծիքով՝ այս ամենն արվում է հետագա հնարավոր զարգացումների դեպքում մարդկանց վերահսկողության տակ պահելու նպատակով»,-նշել է Գառնիկ Դանիելյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունները ոստիկանական, պարեկային ծառայությունն ուժեղացնում են, քանի որ գիտեն՝ ժողովուրդն ընդվզելու է մի օր, իսկ ոստիկանութունն այսօր Փաշինյանի իշխանությունը պահող միակ հենարանն է։
«Այդ հենարանը տարեցտարի ուժեղացնում են, գումար չեն խնայում, հակառակը՝ բանակից տարեցտարի կրճատելու են։ Այո, այսօր մենք այն իրավիճակում ենք, որ մեր պաշտպանական ողջ ներուժը պետք է կենտրոնացնեն ամրաշինական և այլ աշխատանքներ կատարելու վրա, ինչի բացակայությունը ժողովրդի մոտ մտավախությունների տեղիք է տալիս։
Մենք բազմիցս պահանջ ենք ներկայացրել իշխանություններին, որ գոնե գյուղի բնակիչներին զինեն, զենք տրամադրեն, վարժանքներ իրականացնեն, աշխատեն ժողովրդի հետ, բայց էդ աշխատանքը չկա։ Մարդիկ նաև դրանից են վրդովված, ասում են՝ մենք պատրաստակամություն ենք հայտնում, ինչո՞ւ դուք որևէ բան չեք անում։
Իմ մտավախությունը նաև այն է, որ իշխանությունն իր քարոզիչներով, ինչ-ինչ ուժերի միջոցով, փորձում է համոզել տեղաբնակներին, որ իրենից ոչինչ կախված չէ, նրանք էդքան էլ մեղավոր չեն, «մեղավոր են» ռուսները, նախկինները, բոլորը, միայն ոչ՝ իշխանությունները։ Իշխանական այդ արբանյակների քարոզը վտանգավոր է, որովհետև պարզ ուղղորդված գալիս են, մարդկանց ասում՝ եթե ձեր տունն էլ անցնի ադրբեջանական վերահսկողության գոտի, պետությունը կփոխհատուցի, այսինքն՝ փորձում են մարդկանց փողով գնել, և այդ վտանգավոր միտումը կա։ Բոլորիս խնդիրն է՝ կարողանալ էնպիսի միջավայր ձևավորել, որ այդ ապազգայինը մոտեցումն արմատներ չգցի»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում