31/03/2024 21:26
ԵՄ դիտորդական առաքելությունը նպաստում է հայ-ադրբեջանական սահմանի կայունությանը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Այս Զատկի կիրակի, ինչպես տարվա ամեն օր, Հայաստանում ԵՄ առաքելության դիտորդները պարեկություն են իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին, «X»-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինին՝ հրապարակելով Հայաստանում ԵՄ առաքելության հայտարարությունը սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։
«Այս առաքելությունը նպաստում է կայունությանը և միջազգային հանրությանը անաչառ տեղեկատվություն տրամադրելուն»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն այսօր հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին արտառոց տեղաշարժ չի նկատվել։
Հիշեցնենք` Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն էր տարածել, որին արձագանքել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը` ընդգծելով, որ սահմանին իրավիճակը կայուն է:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր են իրականացնում, չի համապատասխանում իրականությանը»,- նշել էին ՊՆ-ից: