31/03/2024 18:07
Լավ է ստանալ ԵՄ առաքելության հաստատումը, որ հայ-ադրբեջանական սահմանին արտասովոր շարժ չի նկատվել. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մեկնաբանել է ԵՄ դիտորդական առաքելության հաղորդագրությունը հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ:
Նա նշել է, թե լավ է ունենալ հաստատում Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունից, որ ոչ մի արտասովոր ռազմական տեղաշարժ չի նկատվել հայ-ադրբեջանական սահմանին:
«Հենց դա է առաքելության նպատակը՝ ապահովել ավելի մեծ թափանցիկություն և վստահություն ստեղծել։ Մենք բաց ենք մնում նաև Ադրբեջանի իշխանությունների հետ ավելի ակտիվ փոխգործակցության համար», - «X»-ում գրել է Կլաարը:
Հիշեցնենք` Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն էր տարածել, որին արձագանքել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը` ընդգծելով, որ սահմանին իրավիճակը կայուն է:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր են իրականացնում, չի համապատասխանում իրականությանը»,- նշել էին ՊՆ-ից: